211652_close_icon
views-count1789 դիտում article-date 09:25 25-04-2019

Հայաստանը սպառազինությունը գնելու է Ռուսաստանից. Դավիթ Տոնոյանի հայտարարությունը Մոսկվայից․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվայում հայտարարել է, որ Ռուսաստանը բազմաֆունկցիոնալ Սու 30ՍՄ կործանիչների առաջին խմբաքանակը՝ չորս օդանավ, Հայաստանին կմատակարարի 2020 թվականի սկզբին: Տոնոյանը հայտարարել է, որ կա նաև այդ օդանավերի գնումը շարունակելու ծրագիր: Ընդ որում՝ նախարարը հայտարարել է, որ Երևանն արդեն փոխանցել է օդանավերի գնի առաջին տրանշը, ինչը նշանակում է, որ Երևանը դրանք ձեռք է բերում կանխիկ: Տոնոյանը հայտարարել է, որ Հայաստանն ունի նոր սպառազինություն ձեռք բերելու մեծ ծրագրեր, սպառազինությունը գնելու է Ռուսաստանից և «զինվելու ու վերազինվելու ենք շատ խիստ»: Պաշտպանության նախարարի այդ հայտարարությունը, անշուշտ, համահունչ է Հայաստանի նոր պաշտպանական քաղաքականությանը, որտեղ շեշտադրվում է պաշտպանողական մարտավարությունից հարձակողականի անցնելու հանգամանքը: Սա իհարկե ունի իր մեծ ռազմա-քաղաքական նշանակությունը թե՛ պատերազմի սպառնալիքը զսպած պահելու, թե՛ նաև Հայաստանի արտաքին քաղաքականության արդյունավետ թիկունք ապահովելու տեսանկյունից: Ի հերթին, բնականաբար, շատ կարևոր է, որ այդ թիկունքն էլ ունենա ամուր տնտեսական հենարան և այստեղ է, որ կանխիկ գնման հանգամանքը թվում է փոքր, սակայն շատ կարևոր տարր է: Բանն այն է, որ այդ կարողությունը Հայաստանին օժտում է լրացուցիչ ինքնիշխանությամբ, ըստ այդմ՝ լրացուցիչ քաղաքական ճկունությամբ: Իհարկե, խոսել այն մասին, որ Հայաստանը առաջիկայում կունենա կանխիկ շատ մեծ գնումների հնարավորություն, գուցե այս պահին իրատեսական չէ, սակայն այստեղ շատ կարևոր է նաև այն սպառազինության տեսակը, որի համար վճարվում է կանխիկ: Իսկ Սու 30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչները այդ առումով ունեն ռազմավարական զսպման նշանակություն, քանի որ դրանք Հայաստանին տալիս են օդային գերակայության հնարավորություն: Եթե, իհարկե, Ռուսաստանը համանման օդանավեր չվաճառի նաև Ադրբեջանին, առավել ևս, որ ռուսական մամուլում ամիսներ առաջ եղել է հրապարակում, որտեղ ենթադրվում էր, որ Հայաստանին վաճառելով Սու 30 ՍՄ, Ռուսաստանը փորձում է Ադրբեջանին «մղել» Սու 35 օդանավերի գնման: Սա անշուշտ պետք չէ բացառել, և քաղաքական հարթության վրա այն կանխարգելելու համար Հայաստանի ճկունությունն ու ինքնիշխանությունը կարևոր է, որպեսզի Ռուսաստանի առաջ դրվեն փաստեր ու փաստարկներ, որոնք Մոսկվային զերծ կպահեն Հայաստանին սպառազինելով Ադրբեջանին գայթակղելու քաղաքականությունից և Հայաստանի հետ հարաբերությունը կպահեն ռազմավարական պարտավորությունների շրջանակում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր