211652_close_icon
views-count2635 դիտում article-date 10:47 26-04-2019

Վայրի կապիտալիզմի հոտ է գալիս․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Այնպես չէ, որ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներն իրենց օրենսդրական ողջ գործունեությունը նվիրում են բացառապես Ցեմենտի գործարանին, «Շանգրի Լա» խաղատանը կամ «Առինջ մոլին»: Այդ խմբակցության մեջ կան գրագետ, փորձառու պատգամավորներ, որոնք հանդես են գալիս զանազան հարցերի վերաբերյալ արժեքավոր առաջարկներով և նախաձեռնություններով, հնչեցնում են հիմնավորված քննադատություն իշխանությունների հասցեին: Բայց ինձ համար ակնհայտ է երկու իրողություն: Առաջինն այն է, որ խմբակցության և կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը բիզնեսմեն է և իր գործունեությունը կառուցում է առաջին հերթին իր բիզնես շահերից ելնելով, ինչը միանգամայն նորմալ մոտեցում է, եթե նա Ազգային ժողովի պատգամավոր չլիներ և գոնե ձևական առումով հանդես չգար իբրև քաղաքական գործիչ: Երկրորդ իրողությունն էլ այն է, որ Գագիկ Ծառուկյանը կուսակցություն և խմբակցություն է պահում՝ իր բիզնես շահերը պաշտպանելու նպատակով: Ես չգիտեմ, թե ով է ճիշտ, իսկ ով սխալ Ցեմենտի գործարանի հարցում, բայց երբ խորհրդարանը քննարկում է, ըստ էության, Ցեմենտի գործարանին տնտեսական արտոնություններ տալու (շարունակելու) հարցը, և Հայաստանի գերագույն օրենսդիր մարմնի իր մեծությամբ երկրորդ խմբակցությունը պատկանում է այդ գործարանի սեփականատիրոջը, դա, իմ կարծիքով, նորմալ երևույթ չէ: Պատգամավորները չեն կարող միաժամանակ ներկայացնել իրենց բազմահազարանոց ընտրողների և մեկ մարդու գործնական շահերը: Հարց է առաջանում՝ արդյոք դա բացառի՞կ դեպք է համաշխարհային օրենսդրական պրակտիկայում: Բնականաբար, ոչ: Շահերի նման բախումից հնարավոր չէ ամբողջությամբ խուսափել ոչ մի տեղ: Սակայն քաղաքակիրթ երկրներում փորձում են կիրառել որոշակի պետական կարգավորումներ, որոնք թույլ կտան պաշտպանել պետական շահերը և «կուլ չգնալ» խոշոր գործարարի ձգտումներին: Անձամբ ինձ դուր է գալիս ամերիկյան (կանադական) տարբերակը, որտեղ կան լոբբիզմի խիստ կարգավորումներ: Օրինակ, եթե այսինչ գործարարը ֆինանսավորում է այսինչ թեկնածուի նախընտրական քարոզարշավը, ապա դա արվում է բաց, թափանցիկ, թեկնածուն այդ գումարներից հարկեր է մուծում և պարբերաբար հաշվետվություն է ներկայացնում: Եթե նա հայտնվում է Ներկայացուցիչների պալատում կամ Սենատում, ապա, իհարկե, չի քվեարկի իր հովանավորի շահերին դեմ: Բայց այդ սենատորը կամ կոնգրեսմենը լուրջ խնդիրներ կունենա, եթե իր հովանավորի շահերը հակասեն պետական անվտանգության շահերին: Իհարկե, նման խնդիրների ոչ մի լուծում իդեալական չէ, և քաղաքակիրթ երկրներում նույնպես ժամանակ առ ժամանակ սկանդալներ են առաջանում լոբբիզմի հետ կապված: Բայց պետությունը որոշակի քայլեր է ձեռնարկում՝ խնդիրը կանոնակարգելու համար: Իսկ որ խոշոր բիզնեսմենն ինքն է դառնում օրենսդիր մարմնի անդամ և կռիվ տալիս իր շահերի համար՝ դրանից, իմ տպավորությամբ, «վայրի կապիտալիզմի» հոտ է գալիս»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր