211652_close_icon
views-count1341 դիտում article-date 20:02 26-04-2019

Վարչապետի մոտ քննարկվել են դեղերի շուկայում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են դեղերի շուկայում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները: Խորհրդակցությանը մասնակցել են պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներն ու ոլորտում գործունեություն ծավալող մասնավոր հատվածի ներկայացուցիչները: «Մենք տարբեր ահազանգեր ենք ստանում դեղերի շուկայում տիրող իրավիճակի վերաբերյալ, ահազանգեր է ներկայացրել նաև Հաշվեքննիչ պալատը: Վերջերս կառավարության որոշմամբ այս ոլորտում որոշակի կարգավորումներ մտցրեցինք՝ հույս ունենալով, որ առնվազն մեծ մասով առկա խնդիրները լուծում ենք: Այսօրվա քննարկման թեման և առիթն է՝ հասկանալ, թե վերջին կարգավորումներով ինչ խնդիրներ ենք կարողացել լուծել, դեռ ինչ խնդիրներ կան, որոնք մեր օրակարգում են և ինչ խնդիրներ կան, որոնք մեր օրակարգում չեն, բայց լավ կլիներ, որ լինեին»,- նշել է վարչապետ Փաշինյանը: Խորհրդակցության ընթացքում, մասնավորապես, անդրադարձ է կատարվել դեղերի գների վրա ազդող գործոններին, հարկային վարչարարությանը, դեղերի մեծածախ և մանրածախ իրացման խնդիրներին, մեծածախ և մանրածախ գործունեության տարանջատման հնարավորություններին, մաքսային պահեստներում դեղերի պահպանմանը, դեղերի ապօրինի շրջանառության դեմ պայքարին և այլ հարցերի: Ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, առկա խնդիրների շուրջ ներկայացվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ: Վարչապետն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին հանձնարարել է ձևավորել հարթակ, որտեղ ոլորտի ներկայացուցիչների հետ կանցկացվեն պարբերական քննարկումներ՝ առկա խնդիրների և դրանց հնարավոր լուծումների, դեղերի շուկայի կարգավորումների շուրջ: «Մեր քննարկումների նպատակն է, որպեսզի դեղերի գները շուկայում նվազեն: Որպես թիրախ պետք է ունենանք գնանկումը, մեր գործողությունների նպատակը պետք է լինի դեղերի գների նվազումը, բնականաբար առանց անվտանգությունը որևէ ձևով թուլացնելու»,- ամփոփել է կառավարության ղեկավարը և Արսեն Թորոսյանին հանձնարարել որոշ ժամանակ անց իրեն զեկուցել քննարկումների արդյունքների մասին:

Նմանատիպ նյութեր