1572 դիտում
23:20 29-04-2019
Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումներ են անցկացվել Բուլղարիայում. բոլոր հայկական եկեղեցիներում մատուցվել են Սուրբ պատարագներ
Ապրիլի 23-24-ը Բուլղարիայում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ:
Ապրիլի 24-ին Սոֆիայի հայկական կազմակերպությունների համադրիչ խորհրդի նախաձեռնությամբ և ՀՀ դեսպանության մասնակցությամբ, կազմակերպվեց ծաղկեպսակների և ծաղիկների զետեղման արարողություն մայրաքաղաքի կենտրոնական գերեզմանատան հայկական հատվածում տեղադրված՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի մոտ: Արարողությանը մասնակցեց Բուլղարիայի կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչը:
Նույն օրը Սոֆիայի «Երևան» պուրակում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձան-խաչքարի մոտ անցկացվեց ոգեկոչման արարողություն, որին մասնակցեցին հայ համայնքի և բուլղար հասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ և մտավորականներ, ԲՀ նախկին և գործող քաղաքական գործիչներ, պատգամավորներ:
Դեսպանության կողմից թարգմանաբար ընթերցվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ:
Աղոթքից և ելույթներից հետո բուլղարահայ համայնքի ներկայացուցիչներն ու ՀԲԸՄ Սոֆիայի մասնաճյուղի կիրակնօրյա դպրոցի սաները հայերեն և բուլղարերեն լեզուներով կարդացին օրվա խորհրդին նվիրված բանաստեղծություններ, իսկ «Նաիրի» պարային համույթը հանդես եկավ հայկական ժողովրդական պարի կատարմամբ:
Մասնակիցները հուշարձան-խաչքարի մոտ զետեղեցին ծաղկեպսակներ և ծաղիկներ: Միջոցառումը հեռարձակվեց բուլղարական «СКАТ» հեռուստաընկերության կողմից:
Ապրիլի 24-ին և 25-ին ԲՀ ԳԱԱ Տիեզերական հետազոտությունների տեխնոլոգիաների ինստիտուտի աշխատակից, տեխնիկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, 31 արտոնագրված հայտնագործությունների հեղինակ Գարո Մարդիրոսյանը, պրոֆեսոր Բ. Կոլևը և Սոֆիայում հրատարակվող՝ «Երևան» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վարդանուշ Թոփակբաշյանն օրվա առիթով հարցազրույցներ տվեցին բուլղարական «БНТ» ազգային, «Азът» և մի շարք այլ հեռուստակայաններին:
Ապրիլի 24-ին ԲՀ խորհրդարանի հերթական նստաշրջանի ընթացքում Հայոց ցեղասպանության վերաբերյալ ելույթով հանդես եկավ ԲՀ իշխող կոալիցիայի անդամ՝ ծայրահեղական «Միավորված հայրենասերներ» խմբավորության համանախագահ, «НФСБ» ազգայնական կուսակցության հիմնադիր և առաջնորդ, ԲՀ կառավարությանն առընթեր էթնիկական և ինտեգրացման հարցերի ազգային խորհրդի նախագահ Վալերի Սիմեոնովը՝ առաջարկելով մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Արձագանքելով առաջարկությանը, ԲՀ խորհրդարանի նախագահ Ցվետա Կարայանչևան նշեց, որ առաջարկությունը հնարավոր չի ընդունել, քանի որ այն, գործող ընթացակարգի համաձայն, չի գրանցվել նախապես: Խորհրդարանի նախագահն այնուհետև հավելեց. «Մենք բոլորս գլուխներս խոնարհում ենք Հայոց ցեղասպանության զոհերի առջև» (https://news.bg/politics/gotvarska-kniga-na-kanibali-bil-armenskiya-genotsid-otseche-simeonov.html ):
Ապրիլի 23-ին և 24-ին Մեծ Եղեռնի զոհերի ոգեկոչման միջոցառումներ անցկացվեցին նաև Բուլղարիայի հայաշատ այլ բնակավայրերում:
Ապրիլի 24-ին հիշատակի երթ անցկացվեց Պլովդիվի «Ստեֆան Ստամբոլով» հրապարակից դեպի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի, որի բակում կազմակերպվեց հիշատակի միջոցառում և ընթերցվեց հայտարարություն՝ ուղղված Թուրքիային՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով: Քաղաքի հրապարակներից մեկում բարեգործական նպատակներով կազմակերպվեց արյան հանձնում:
Ապրիլի 23-ին ավանդական ջահերով երթ անցկացվեց Բուրգասի «Տրոյկա» հրապարակից դեպի Սուրբ Խաչ հայկական եկեղեցի, որի բակում կազմակերպվեց ոգեկոչման արարողություն: Հաջորդ օրը քաղաքի տիկնիկային թատրոնում Բուրգասի և Պլովդիվի հայկական ստեղծագործական խմբերի մասնակցությամբ ցուցադրվեց բեմականացված ներկայացում՝ նվիրված զոհերի հիշատակին: Բուրգասում կայացած միջոցառումներին մասնակցեց Բուլղարիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար, ԲՀ խորհրդարանի պատգամավոր Նիկոլայ Թիշևը: Նույն օրը ջահերով երթ անցկացվեց նաև Վառնայի կենտրոնում գտնվող հայկական հուշարձանից դեպի հայկական Սուրբ Սարգիս եկեղեցի, որի բակում հաջորդ օրը կազմակերպվեց ոգեկոչման արարողություն:
Ապրիլի 23-ին և 24-ին Բուլղարիայի բոլոր հայկական եկեղեցիներում մատուցվեցին Սուրբ պատարագներ:
Նմանատիպ նյութեր
1650 դիտում
18:48 20-07-2020
Ուկրաինայի հայկական եկեղեցիներում պատարագներ են մատուցվել Ադրբեջանի հետ սահմանին զոհվածների հիշատակին
2289 դիտում
23:56 24-04-2022
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել Ուկրաինայի հայկական եկեղեցիներում
669 դիտում
23:44 02-11-2020
Ուկրաինայի հայկական եկեղեցիներում պատարագներ են մատուցվում Ղարաբաղում խաղաղության համար
Այս բաժնից
730 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2083 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
727 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար