211652_close_icon
views-count1669 դիտում article-date 20:34 03-05-2019

ՀՀ-ում մամուլի ազատության պաշտպանությունն անդառնալի առաջընթաց է գրանցել. ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի ելույթը

Մայիսի 2-ին Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ Վիեննայում, ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի ընթացքում ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը հանդես եկավ ելույթով։ Իր ելույթում դեսպան Պապիկյանն ընդգծեց մամուլի առանցքային դերն անցած տարվա ապրիլին և մայիսին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ։ Ժողովրդական ընդվզումը և Թավշյա հեղափոխությունն ի ցույց դրեցին խոսքի ազատության կարևորությունը, ինչպես նաև՝ հայ հանրության և քաղաքացիական հասարակության քաղաքական հասունությունը։ Դեսպան Պապիկյանը նշեց նաև, որ անցած մեկ տարվա ընթացքում Հայաստանում ժողովրդավարական փոփոխություններն անդառնալի առաջընթաց են գրանցել հատկապես խոսքի և մամուլի ազատության պաշտպանության բնագավառում։ Այս առաջընթացը հստակ արձանագրվել է Լրագրողներ առանց սահմանների (Reporters without borders) կազմակերպության կողմից հրապարակված 2019 թվականի Մամուլի ազատության համաշխարհային ցուցանիշային աղյուսակում, որտեղ Հայաստանը զբաղեցրել է 61-րդ հորիզոնականը շուրջ 180 երկրների շարքում՝ բարելավելով իր ցուցանիշը 19 կետով։ Դեսպանն ընդգծեց, որ անկախ և ազատ մամուլը կարող է դրական դերակատարում ունենալ նաև հակամարտությունների համատեքստում՝ արժանահավատ տեղեկատվության տրամադրման, խաղաղության, վստահության և հաշտեցման խրախուսման միջոցով։ Դեսպանը նաև նշեց լրագրողների պաշտպանության ուղղությամբ, ներառյալ՝ հակամարտությունների գոտիներում, անհրաժեշտ միջոցների ձեռնարկման կարևորությունը։ Դեսպան Պապիկյանն անդրադարձավ նաև Հայաստանի կառավարության և ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի գրասենյակի միջև հաստատված սերտ համագործակցությանը՝ նշելով, որ այն իր նպաստն է բերում նաև Հայաստանում բազմակարծության և ազատ մամուլի հետագա զարգացմանը։

Նմանատիպ նյութեր