211652_close_icon
views-count1694 դիտում article-date 23:32 07-05-2019

Կոմիտասի 150-ամյակին և Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Լոնդոնում

Մայիսի 4-ին Լոնդոնի Կենսինգտոնի Միացյալ ռեֆորմիստական եկեղեցու սրահում տեղի ունեցավ Կոմիտասի 150-ամյակին և Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որը կազմակերպվել էր «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի կողմից՝ ՄԹ-ում ՀՀ դեսպանության և Հայաստանյայց առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի հովանու ներքո: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՄԹ-ում ՀՀ դեսպանն Արման Կիրակոսյանը, Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը, «Թեքեյան հիմնադրամի» նախագահ Վարդան Ուզունյանը, Հայ առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: Իր խոսքում դեսպան Արման Կիրակոսյանը ներկայացրեց Կոմիտասի ստեղծագործական ուղին՝ նշելով, որ իր ճակատագրով նա խորհրդանշում է մեր ազգի ողբերգությունը Հայոց ցեղասպանության տարիներին: Ներկայացնելով Կոմիտասը դերը՝ որպես հայկական դասական երաժշտության հիմնադիր, ում ստեղծագործություններին անդրադարձ են կատարել հայ երաժիշտների բոլոր հետագա սերունդները, ինչպես նաև բազմաթիվ այլազգի երաժիշտներ, դեսպանն ընդգծեց, որ պատահական չէ, որ Կոմիտասի ծննդյան 150-ամյա հոբելյանն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2018-2019թթ. օրացույցում: Երեկոյի ընթացքում համերգային ծրագրով հանդես եկավ Լոնդոնի «Կոմիտաս» երգչախումբը, որը դիրիժոր Գրիգոր Նաջարյանի գլխավորությամբ, կատարեց Կոմիտասի ստեղծագործություններից: Առանձին կատարումներով հանդես եկան նաև սոպրանո Անայիս Հեղոյանը, ջութակահարներ Անի Բատիկյանը և Անժելա Նաջարյանը, դաշնակահարուհի Հաո Ձի Յոհը և այլ երաժիշտներ:

Նմանատիպ նյութեր