30575 դիտում
16:32 11-05-2019
Դատարանը կալանավորել է 26-ամյա կասկածյալին, ով Արարատի մարզում առանձնակի դաժանությամբ սպանել էր 30-ամյա կնոջը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մայիսի 10-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ Աբակում Գրիգորյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արման Կարապետյանը միջնորդություն է ներկայացրել Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Մասիսի նստավայր, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի բնակիչ՝ 26-ամյա Հակոբ Օհանյանի նկատմամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Թաթուլ Պողոսյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննիչի միջնորդությունը և Հ. Օհանյանը կալանավորվել է ու դատարանից տեղափոխվել արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։
Վերջինիս նկատմամբ քրեական գործ է հարուցվել մայիսի 9-ին Արարատի մարզում առանձնակի դաժանությամբ 30-ամյա կնոջը սպանելու համար։
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/05/09/1124373/?fbclid=IwAR3hnL3czVFwfLAPnujiAR1jW09J0KOETXGlCyo7nmOBi0h1KyV-goJtLkc]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, մայիսի 9-ին առանձնակի դաժանությամբ սպանություն էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։45-ի սահմաններում Մասիսի բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ էր ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի կին։
Հիվանդանոց էին մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության խումբը՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ջանիկ Մարությանի գլխավորությամբ։ Հիվանդանոց էին ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Աբակում Գրիգորյանի, բաժնի պետ Սամվել Անդրեասյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արման Կարապետյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ մահացածը Շահումյան գյուղի բնակիչ՝ 30-ամյա Մարիամ Ասատրյանն էր։ Բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել էին, որ նրա մարմի վրա կան բազմաթիվ վնասվածքներ։
Մինչ դիակի զննություն էր կատարում դատական բժիշկը, Արարատի մարզի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել էին, որ Մ. Ասատրյանին սպանել էր Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի բնակիչ՝ 26-ամյա Հակոբ Օհանյանը, ում էլ կարճ ժամանակում հայտնաբերել էին։
Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել էին նաև Mitsubisհi Pajero մակնիշի 99 ՕR 996 համարանիշի ավտոմեքենան, որով Հ. Օհանյանն ու Մ. Ասատրյանը մեկնել էին Այնթափ գյուղի հատվածում գտնվող դաշտամիջյան հատված և անտեղ Հ. Օհանյանի կողմից դաժան ծեծի ենթարկվելու հետևանքով Մ. Ասատրյանը գիտակցության չգալով՝ մահացել էր։
Փաստի առթիվ ավագ քննիչ Ա. Կարապետյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ։ Որպես կասկածյալ՝ Հ. Օհանյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել էր, իսկ ավտոմեքենան տեղափոխվել էր ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիանը՝ առաջին պահից դեպքի վայր էր ժամանել նաև Արարատի մարզի դատախազ Վաղինակ Մկրտչյանը։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+