211652_close_icon
views-count5811 դիտում article-date 16:14 14-05-2019

Բարդ վիրահատություն՝ Միքայելյան համալսարանական հիվանդանոցում

Միքայելյան համալսարանական վիրաբուժության ինստիտուտում կատարվել է 17-ամյա աղջկա լյարդի աջ բլթի ամբողջական և ձախ բլթի մասնակի հեռացում: Վիրահատությունն իրականացվել է ԵՊԲՀ Վիրաբուժության թիվ 1 ամբիոնի պրոֆեսոր, վիրաբույժ Խաչատուր Բադալյանի գլխավորությամբ: Չորս ժամ տևած վիրահատության ընթացքում բժիշկներն ընդամենը 150-200 գրամ արյան կորուստ են ունեցել, ինչը, սովորաբար, հնարավոր չի լինում, քանի որ այսպիսի վիրահատությունների ժամանակ հիվանդները մոտ 1-ից 1,5 լիտր արյուն են կորցնում: Վիրաբույժի խոսքով՝ 17-ամյա աղջկա լյարդում առաջացել էին թարախային կիստոզ գոյացություններ, որոնց չափերը հասնում էին 15-20 սմ-ի: «Աղջիկն այժմ հետվիրահատական փուլում է, լավ է զգում, լյարդի ձախ բիլթը նորմալ աշխատում է: Սովորաբար նման վիրահատություններից 2-3 ամիս հետո լյարդն ինչպես չափերով, այնպես էլ ֆունկցիոնալ տեսանկյունից մոտ 80 տոկոսով վերականգնվում է»,-նշեց վիրաբույժն՝ ավելացնելով, որ թարախային կիստաների առաջացման պատճառները տարբեր են: Օրինակ՝ պատճառ կարող են հանդիսանալ ընտանի կենդանիները. վարակը փոխանցվում է ստամոքս, արյուն և լյարդ, երբեմն՝ թոքեր կամ այլ օրգաններ: Վիրաբույժը կարևորեց հիվանդության վաղ ախտորոշումը՝ նման բարդ խնդրից խուսափելու համար:

Նմանատիպ նյութեր