211652_close_icon
views-count1505 դիտում article-date 20:20 17-05-2019

Մեկնարկել է «Համալսարանական մանկաբուժության արդի խնդիրները» երկրորդ միջազգային համաժողովը

ԵՊԲՀ-ում մեկնարկեց «Համալսարանական մանկաբուժության արդի խնդիրները» երկրորդ միջազգային համաժողովը: Մի շարք մանկաբույժներ հանդես եկան զեկույցներով՝ ներկայացնելով մանկաբուժությանը վերաբերվող արդիական խնդիրներ, որոնք առկա են թե՛ Հայաստանում, թե՛ ամբողջ աշխարհում: «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբուժության թիվ 2 կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ Նունե Բաղդասարյանը խոսելով ռեսպիրատոր բժշկության մանկաբուժության հարցերի մասին, շեշտեց, որ բրոնխաօբստրուկտիվ համախտանիշը սոցիալական, տնտեսական և բժշկական լրջագույն խնդիր է նախադպրոցական տարիքի երեխաների համար, և գիտության մեջ հանդիսանում է հետազոտական լուրջ դաշտ: «Յուրաքանչյուր հասարակության հիմքը երեխաների առողջության պահպանումն է, իսկ այն ենթադրում է որակյալ կադրերի պատրաստում, մոր և մանկան առողջության պահպանում, ինչպես նաև անվտանգ, որակյալ և մատչելի բուժօգնության իրականացում: Մանկաբուժությունն այն գիտական բնագավառն է, որը շատ ինտենսիվ է զարգանում, այդ իսկ պատճառով գրավիչ է ոչ միայն մանկաբույժների, այլև մյուս բժիշկների համար»,-ասաց նա: Պրոֆեսորի խոսքով՝ համալսարանական մանկաբուժության նպատակը մանկաբուժական ծառայության և կրթության բարելավումն է: Զեկուցման մյուս թեմաները ևս կարևոր էին: Մանկաբույժ, պրոֆեսոր Սիմոն Ռանդքուիստը հանդես եկավ «Մանկաբուժական գիտելիքների ազգային աջակցությունը Շվեդիայում» զեկույցով՝ խոսելով նաև երիկամների և միզուղիների խնդիրների ախտորոշման և բուժման մասին: Իսկ պրոֆեսոր Աննա Գևորգյանը ներկայացրեց բժշկական կազմակերպման սկզբունքները դաշնային կենտրոնի ամբուլատոր օղակում: Նշենք, որ համաժողովն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության, Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի և Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի աջակցությամբ: Համաժողովը կշարունակվի նաև վաղը, որի ընթացքում ևս կներկայացվեն արդիական թեմաներ, ինչպիսիք են՝ սուլող շնչառության ախտորոշման և բուժման մոտեցումները, հոդաբորբերը, խիստ ցածրաքաշ նորածինների կենսունակությունը, երկաթի պակասի երեխաների առողջության մեջ և այլն

Նմանատիպ նյութեր