34514 դիտում
14:52 19-05-2019
Մինչ պատասխանատու մարմինները խոսում են մարդասիրությունից ու գթասրտությունից, 44-ամյա դատապարտյալը, ով հացադուլ ու ջրադուլ է հայտարարել, գտնվում է օրհասական վիճակում. նրա հարազատները պնդում են, որ նրա գլխին սարքել են
Մայիսի 17-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության Վանաձորի դատարանի նստավայրում հերթական անգամ չկայացավ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչ, 44-ամյա Արկադի Պապյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Ինչպես Լոռու մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 14:30-ի սահմաններում պետք է կայանար դատական նիստը, սակայն ժամը 17:00-ի սահմաններում դատարանից Ա. Պապյանի հարազատներին ընկերներին, մտերիմներին տեղեկացրեցին, որ դատավոր Սուրեն Բաղդասարյանը որոշել է դատական նիստը չանցկացնել, քանի որ այլ դատական նիստեր կան:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ա. Պապյանը մեղադրվում էր, որ իբրև Վանաձոր քրեակատարողական հիմնարկում ինքը աշխատակցին 5 հազար դրամ կաշառք է տվել, սակայն այն անձը, ով այդ պահին աշխատելիս է եղել Վանաձորի բանտում՝ հեռացվել է համակարգից և այդ անձի կիսահում ու անգրագետ ցուցմունքի հիման վրա դատախազությունը մեղադրական եզրակացությունը հաստատելու գործը ուղարկել է Վանաձորի դատարան:
Այդ մասին ասում էին դատարանի մոտ հավաքված մի քանի կանայք, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել:
Նրանք նաև ասում էին. «Ա. Պապյանը 2009թ.-ին Ռուսաստանի Դաշնությունում սպանություն կատարելու համար դատապարտվել է 12 տարվա ազատազրկման ու պատիժը կրում էր Վանաձորի բանտում:
Մեղադրանքը պաշտպանողները չփորձեցին հասկանալ, թե ինչի համար է Արկադին կատարել այդ հանցանքը: Հանցանք, որի համար մինչև հիմա իր կյանքով է հատուցում նա:
Ճիշտ է, մենք չենք արդարացնում սպանությունը, դա Աստծու պատվիրանին դեմ է, բայց նա ստիպված է այդ քայլին դիմել, քանի որ սպանվածը անընդհատ նեղել ու ահաբեկել է այնտեղ գտնվող հայերին ու Արկադին հայերի թասիբը պահելու համար ստիպված դիմել է այդ քայլին:
Նույնիսկ Ռուսաստանում գտնվողներն ասում էին, որ եթե Արկադին չխփեր, իրեն էին խփելու ու հիմա հայերի թասիբը պահողին էստեղ հայերիս ձեռով սպանում են:
Սաֆարովը հայ սպային քնած տեղը կացնահարեց, Ադրբեջանում նրան ազգային հերոս տվեցին, իսկ Արթուրը, որ բազամթիվ հայ տղամարդկանց ու կանանց թասիբն է պահել, էստեղ տանջամահ են անում:
Մենք չենք ասում Արկադիին հերոսացրեք, մեդալ տվեք, մենք ուղղակի խնդրում ենք, որպեսզի մարդկային մոտեցում ցուցաբերեք նրա նկատմամբ: Ով նրա վրա ցուցմունք է տվել, հեռացվել է աշխատանքից, անգամ իրավաբանությունից հեռու մարդը, ծանոթանալով այդ սուտ կաշառքի գործին, ասում է, որ եփած հավի ծիծաղն անգամ կգա:
2018թ.-ին Արկադին հացադուլ հայտարարեց և այն տևեց 40 օր ու 40 օր անց դատախազներն այցելում են մեկուսարան, Արկադիին ասում, թե մեղադրանքը էնքան հում է ու էնքան սարքած, որ քո վրայից այն հանվելու է, միայն խնդրում ենք հացադուլը դադարեցրա, ինչից հետո Արկադին հացադուլը դադարեցնում է ու օրեր անց պարզվում է, որ դատախազների խոսքը օդ է եղել: Եկել Արկադիի ականջներին լապշա են կախել ու գնացել»:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Արկադիի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 312 հոդվածի 1-ին և 3-րդ մասերի հատկանիշներով ու հիմա 35 օր է՝ հերթական անգամ հացադուլի մեջ է գտնվում: Նա անգամ հայտարարել էր նաև ջրադուլ ու միայն փաստաբանի հորդոր-խնդրանքներից հետո է ջրադուլից դուրս եկել, սակայն հացադուլը դեռևս պահպանում է:
Մայիսի 17-ին Ա. Պապյանը, ում կյանքն արդեն կարելի է ասել մազից է կախված, ծայրահեղ ծանր վիճակով ոստիկանական ուղեկցող ավտոմեքենայով տեղափոխվում է դատարան, սակայն դատը այս անգամ հետաձգվում է այն պատճառաբանությամբ, որ նոր դատախազ է մեղադրանքը պաշտպանելու դատարանում: Լրիվ հնդկական կինո: 2 դատախազ փոխվել է, հիմա էլ 3-րդին են մեյդան բերում ու դատական նիստը նշանակվել է մայիսի 29-ին:
Ա. Պապյանի հարազատները համոզված են՝ մինչև այդ օրը Արկադիի ինքնազգացողությունը ավելի կվատանա ու նա ի վիճակի չի լինի դատին ներկա գտնվելու: Ներկա իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ նախկին իշխանություններին հաճախ մեղադրում էին բանտերում անմարդկային վերաբերմունքը չվերացնելու, կալանավորների կողմից բարձրացված հարցերին, այդ թվում՝ հացադուլի միջոցով չլուծելու մեջ, հիմա մարդը, ով անհիմն մեղադրվում է, կենաց- մահու պայքար է տանում արդարությունը վերականգնելու համար, ձեր կողմից արհամարհված է: Ստացվում է՝ դուք էլ չեք տարբերվում նախորդ իշխանությունների որոշ ներկայացուցիչներից:
Խոսում եք գթասրտությունից, մարդու արժեքներից, բայց մարդը ինչ-որ մի քանիսի կեղծ ցուցմունքներով դատապարտվում է, իսկ պատկան մարմինները լուռ անտարբերություն են ցուցաբերում:
Ա. Պապյանի հարազատները ասում էին նաև. «Հլը որ հավատում ենք, որ արդարարությունը կհաղթանակի: Երևի ճիշտ է ասված՝ Արդարությունը հիվանդանում, բայց չի մահանում: Այնպես որ, եթե պատասխանատուները հետևություններ չանեն, Ա. Պապյանի հետ որևէ բան պատահելու դեպքում ողջ պատասխանատվությունն ընկնելու է իրենց վրա, իսկ հետո հանկարծ չփորձեք արդարանալ»:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դատարանի առաջ փորձել են բողոքի ակցիաներ անցկացնել Տավուշի մարզի մեծ թվով բնակիչեր, սակայն դա Արկադիի հարազատների հորդորով տեղի չի ունեցել, որպեսզի հետո դատախազը, դատավորը, քննիչն ու բանտի աշխատակիցները չփորձեն շահարկեն, թե դատարանի վրա ճնշում է գործադրվում:
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ Ա. Պապյանինւ Տավուշի մարզում ճանաչում են որպես իր հող ու ջրին նվիրված, կարիքավոր ու սոցիալապես անապահով մարդկանց թիկունքին կանգնած անձ, ով բազմաթիվ բարեգործություններ է կատարել, սակայն ոչ մի անգամ չի թողել այդ մասին բարձրաձայնվի, ասելով, որ վերևն Աստված կա:
Ա. Պապյանը անգամ դատապարտված ժամանակ իր հարազատների ու ընկերների հետ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ բարեգործություններ է կատարել Արցախի զինվորներին: Այդ մասին նույնպես չի թողել բարձրաձայնեն:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
2582 դիտում
16:30 10-03-2014
Շտապօգնության բժշկին ծեծելով սպանած դատապարտյալը 4 օր է՝ հացադուլ և ջրադուլ է հայտարարել
2669 դիտում
13:11 05-06-2014
«Մահ կամ ազատություն». «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալը հացադուլ և ջրադուլ է հայտարարել