91882 դիտում
21:02 19-05-2019
Արմավիրի մարզում մարդաբոյ փոսերի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել. բախվել են ԳԱԶ-66-ն ու «ջորին». կան վիրավորներ. գյուղացիներն ասում էին՝ «պատասխանատուներ՝ գյուղ գալուց կամ զրահաբաճկոն կամ կալոշ հագեք». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Ժամը 15:30-ի սահմաններում, Արգավանդ գյուղում բախվել են ԳԱԶ-66 մակնիշի 34 SR 404 և ՎԱԶ-2101 մակնիշի 35 MF 778 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել գյուղացիները, իսկ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել Արմավիրի հիվանդանոցի բժիշկները և Արտակարգ Իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության Արմավիրի հրշեջ-փրկարարները:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակ 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին նաև, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել Արմավիրի բաժնի պետ Ա. Խաչատրյանն ու ոստիկանության Էջմիածնի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ գյուղացիները ասում էին, որ գյուղում մարդաբոյ փոսերը մի իսկական պատուհաս են դարձել, իսկ անձրևներին գյուղում մինի-լճակներ են գոյանում. «Մնում է մեջը ձկներ պահենք, իսկ եթե Արմավիրի մարզպետարանի պաշտոնյաները չոր եղանակին այցելեն գյուղ, փոսերի համար լավ կանեն, զրահաբաճկոն հագնեն, իսկ անձրևի ժամանակ՝ կալոշներ: Թե չէ կոշիկներով լինեն, դրանց կոշիկները կդառնան Աբու-Հասանի մաշիկներ: Գոնե այս վթարից հետո մի քիչ մտածեն գյուղամիջյան մեր ճանապարհի մասին ու էս դամբարաններ հիշեցնող փոսերը վերացնեն»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+