211652_close_icon
views-count975 դիտում article-date 15:50 20-05-2019

ՄԱԿ ժնևյան գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչը հանդիպել է Հեռահաղորդակցության միջազգային միության գլխավոր քարտուղարի հետ

Մայիսի 17-ին Միավորված ազգերի կազմակերպության ժնևյան գրասենյակում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը հանդիպեց Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) գլխավոր քարտուղար Հուլին Ժաոյի (Houlin Zhao) հետ։ Դեսպան Հովհաննիսյանը բարձր գնահատեց ՀՄՄ-ի գործունեությունը` որպես միջազգային փոխգործակցության կարևոր հարթակ։ Անդրադառնալով կազմակերպության շրջանակներում Հայաստանի հետ ձևավորված համագործակցությանը՝ նա համոզմունք հայտնեց, որ այն կշարունակի արդյունավետ զարգանալ։ Անդրանիկ Հովհաննիսյանն անդրադարձավ Հայաստանում իրականացվող բարեփոխումներին` մասնավորապես ներկայացնելով տնտեսական ոլորտում ձեռնարկվող քայլերը։ Նա ընդգծեց, որ ՀՀ կառավարության առաջնահերթություններից է բարձր տեխնոլոգիաների զարգացման ուղղությունը։ Այս համատեքստում ՀՀ դեսպանը ներկայացրեց Հայաստանում արձանագրված առաջընթացը՝ հատուկ անդրադարձ կատարելով նորարարության և ստեղծագործական կրթության ուղղությամբ իրագործվող քայլերին։ ՀՄՄ-ի գլխավոր քարտուղարը ևս գոհունակություն արտահայտեց Հայաստանի հետ ձևավորված համագործակցության կապակցությամբ և պատրաստակամություն հայտնեց այսուհետ ևս իր նպաստը բերել դրանց ընդլայնմանը։ Նա բարձր գնահատեց տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարության ոլորտների զարգացման Հայաստանի հանձնառությունը։ Հուլին Ժաոն դեսպան Հովհաննիսյանին ներկայացրեց ՀՄՄ գործունեության գերակայությունները։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ՀՄՄ-ի շրջանակներում իրականացվող համագործակցության ծրագրերի և դրանց հեռանկարների շուրջ։

Նմանատիպ նյութեր