211652_close_icon

Կոչ ենք անում քրեաիրավական գնահատական տալ ինչպես արցախցիների նկատմամբ ատելnւթյան խոսք հնչեցնողներին, այնպես էլ՝ այդ խոսքը տարածողներին. ՀԺՄ

views-count580 դիտում article-date 17:52 17-04-2025
Արցախցիների՝ իրենց իրավունքների պաշտպանության համար մեկնարկած հետևողական պայքարին զուգահեռ՝ սաստկացել են հատկապես իշխանական ու մերձիշխանական կայքերում ու սոցիալական ցանցերում արցախատյացության, արցախցիների հանդեպ թշնամանքի գեներացման դրսևորումները: 

Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ժուռնալիստների միությունը։

«Հերթական բարոյականության հետ որևէ աղերս չունեցող տեսանյութը տարածվեց ներազգային թշնամանքի հրահրման առաջամարտիկ Xosnak.am կայքում: Եթեր է հեռարձակվել մի տեսանյութ, որում հարցվող քաղաքացին ամենաայլանդակ բառապաշարն է օգտագործում արցախցիների վերաբերյալ՝ ասելով. «Պիտի արցախցիներին գյուլլեն, ափսոս է, որ գյուլլում են, էդ գյուլլեն ափսոս է, պիտի սենց հողին հավասարեցնեն, չբերեն, լցնեն՝ Հայաստանը ապականեն: Իրենք թուրքի մնացորդ են: Իրենք մարդ չեն, ոչ մեկը, տանել չեմ կարողանում ոչ մի արցախցու: Որ ասում են՝ ղարաբաղցի ա, ասում եմ՝ Ղարաբաղը փլվեր, սրանք էլ մնային տակը, իզով-թզով պիտի վերանան...»:

Սրանք «ամենամեղմ» ձևակերպումներն էին, որ տեղ են գտել այդ տեսանյութի մեջ, և որը հեռարձակել էր նշված կայքը՝ գլխատառերով տեսանյութի վրա որպես վերնագիր դնելով «Արցախցուն պիտի հողին հավասարեցնենք, Հայաստանը կործանեցին» և «Արցախցիները թուրք են, պետական դավաճաններ» ձևակերպումները:

Պետք է արձանագրել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ու Ազգային ժողովի համանուն խմբակցության որոշ անդամների հետ կապվող այս կայքն ու նրա տիրուհին արցախցիների նկատմամբ ատելության ու բռնության, ինչպես նաև ներազգային թշնամանքի հրահրման խոսնակի իր գործառույթներն իրականացնում է ուղիղ քաղաքական հրահանգով՝ իջեցված ամենավերին օղակից՝ Նիկոլ Փաշինյանից, այլապես որևէ կերպ բացատրելի չէ այս ապազգային ու դատապարտելի գործունեության անպատիժ իրագործումը:

Երկրի ներսում հրահրվում են առայժմ անարյուն քաղաքացիական բախումներ՝ բռնության կոչ անելով հայ ժողովրդի մի հատվածի նկատմամբ, ինչը հղի է ամենաանկանխատեսելի սարսափելի հետևանքներով:

Հայաստանի ժուռնալիստների միությունը և Հայաստանի Հանրապետությունում գործող լրատվամիջոցների ներքոստորագրյալ ղեկավարներս խստիվ դատապարտում ենք այս գործելակերպը, ՀՀ Գլխավոր դատախազությանը, ՀՀ Քննչական կոմիտեին կոչ ենք անում քրեաիրավական գնահատական տալ տեղի ունեցողին, պատասխանատվության ենթարկել՝ ինչպես արցախցիների նկատմամբ ատելության խոսք ու բռնության կոչեր հնչեցնողներին, այնպես էլ՝ այդ խոսքը տարածողներին ու դրան նպաստողներին, ինչը, ի դեպ, հաջողությամբ անում են, երբ խոսքը վերաբերում է իշխանությունների հասցեին նման խոսքի երանգներ ունեցող ցանկացած դեպքում, երբ դրա հեղինակը, ասենք, ընդդիմադիր գործիչ է:

Մենք արձանագրում ենք, որ այսուհետ ցանկացած մեկի կողմից նման դրսևորում մեր կողմից արժանանալու է շատ կոշտ, համարժեք հրապարակային գնահատականի, որպեսզի հայ ժողովուրդն ու Հայաստանի քաղաքացիներն անուն առ անուն իմանան՝ ովքեր են Հայաստանի ներսում հրահրում ներազգային քաղաքացիական բախումներ»,-ասված է հայտարարության մեջ:
  • Արկադի Գրիգորյան- Tert.am–ի գլխավոր խմբագիր
  • Սաթիկ Սեյրանյան- Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, «168 Ժամ» թերթի և 168.am կայքի գլխավոր խմբագիր
  • Գևորգ Էմին-Տերյան – Oragir.News-ի գլխավոր խմբագիր
  • Ժաննա Ծառուկյան- livenews.am-ի գլխավոր խմբագիր
  • Սևակ Հակոբյան- Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի խմբագիր
  • Աստղիկ Մաթևոսյան- AntiFake.am-ի գլխավոր խմբագիր
  • Փիրուզա Մելիքսեթյան – Irates.am-ի խմբագիր
  • Նարեկ Գալստյան -24news.am-ի տնօրեն
  • Բեթղեհեմ Արաբյան- Hayastan.news.am-ի խմբագիր
  • Վահե Սարգսյան- Yerkir.am-ի գլխավոր խմբագիր
  • Հակոբ Ասատրյան – Պրահայի «Օրեր» ամսագրի խմբագիր
  • Անժելա Նալբանդյան- PARA.TV-ի տնօրեն
  • Բորիս Մուրազի – Politik.am-ի խմբագիր

Նմանատիպ նյութեր