211652_close_icon
views-count2008 դիտում article-date 21:08 20-05-2019

Փաստաբան Վահե Գրիգորյանը բողոքարկելու է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու որոշումը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու որոշումը կբողոքարկվի Մարտի 1-ի տուժողների կողմից: Այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը: «Այս որոշումը վստահորդներիս անունից բողոքարկվելու է անմիջապես այն ստացվելուց՝ առաջին հերթին տուժողների մասնակցային իրավունքի շարունակական խախտումների հիմքով»,-նշել է Վահե Գրիգորյանը: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի եւ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործի վարույթը դատարանի որոշմամբ կասեցվել և ուղարկվել Սահմանադրական դատարան: 2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, Յուրի Խաչատուրովը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել էր: Մայիսի 18-ին դատարանի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց՝ հաշվի առնվելով Արցախի նախկին և ներկա նախագահների միջնորդությունը:

Նմանատիպ նյութեր