1619 դիտում
15:13 23-05-2019
Հայաստանը կարող է դառնալ Եվրասիայի ու ԵՄ–ի միջև համագործակցության կամուրջ. Արմեն Սարգսյանը մասնակցել է Եվրասիական մեդիա ֆորումի քննարկմանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Եվրասիական 16-րդ մեդիա ֆորումի շրջանակում մասնակցել է «Դեգլոբալիզացիա. աշխարհը զարգացման նոր մոդելների փնտրտուքում» խորագրով քննարկմանը, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Նախագահ Արմեն Սարգսյանը, քննարկման սկզբում անդրադառնալով դեգլոբալիզացիայի գաղափարին, նշել է, որ չի հավատում այդ եզրույթին: «Գլոբալիզացիան չի ավարտվել, այն շարունակվելու է և լինելու է ավելի արագ: Այն չի սկսվել այսօր, տարիներ կամ տասնամյակներ առաջ, այն սկսվել է հարյուրավոր, հազարավոր տարիներ առաջ՝ Մետաքսի ճանապարհից ու դրանից էլ առաջ: Աշխարհն այդ ժամանակ արդեն իսկ գլոբալիզացվել էր և գլոբալիզացիայի տարբերակներն այլ էին: Այսօր գլոբալիզացիան շարունակվում է»,- նշել է նա: Արմեն Սարգսյանը համաձայնել է քննարկման մասնակիցների հետ, որ գլոբալիզացիայի գործընթացում դժվարություններ կան տարբեր մակարդակներում, և այսօրվա կարևորագույն հարցը վերաբերում է այդ գործընթացը կառավարելուն:
«Հայաստանը փոքր պետություն է, բայց համաշխարհային ազգ, և կարծում եմ, որ մենք կլինենք այն ժողովուրդը, որը գիտի, թե ինչպես ադապտացվել: Ժողովուրդ, որը պատմության ընթացքում անցել է հսկայական ողբերգությունների միջով և կյանքը սկսել է նորից: Սա կարևոր որակ է նոր աշխարհում, որտեղ ավելի քիչ են որոշակիություններն ու ավելի շատ են անորոշությունները»,- ասել է Հանրապետության նախագահը:
Նա ընդգծել է, որ Հայաստանը եղել ու շարունակում է մնալ խաչմերուկում: «Հայաստանը խաչմերուկ է: Այդ պատճառով մեր երկիրը սովորել է աշխատել բոլորի հետ և սերտ հարաբերություններ ունի Ռուսաստանի Դաշնության և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հետ: Սակայն, միևնույն ժամանակ, Հայաստանը համաձայնագիր է ստորագրել Եվրամիության հետ, և ես այստեղ որևէ հակասություն չեմ տեսնում: Ավելին, Հայաստանն ունի առավելություն, և միջազգային հանրությունը պետք է փորձի օգտվել այդ առավելությունից, քանի որ Հայաստանը միակն է, որը խորը հարաբերություններ ունի թե՛ Եվրամիության, թե՛ Ռուսաստանի և Եվրասիայի հետ: Ուստի ինչո՞ւ չօգտագործել որպես կամուրջ հանդես եկող Հայաստանի հնարավորությունները»,- նշել է Արմեն Սարգսյանը:
Հանրապետության նախագահը պատասխանել է դահլիճում ներկաների տարաբնույթ հարցերին: Մասնավորապես, անդրադառնալով դիտարկմանը, թե արդյոք սոցիալական մեդիան կարող է փոխարինել ավանդական մեդիային՝ նա նշել է. «Չեմ կարծում: Ի վերջո դրանք միաձուլվելու են: Ոչ թե մեկը փոխարինելու է մյուսին, այլ երկուսը դառնալու են մեկ ամբողջություն»:
Նախագահը նկատել է, որ գլոբալիզացված աշխարհում սոցիալական ցանցերն այսօր միավորում են մարդկանց: Նա խոսել է համաշխարհային քաղաքականության քվանտային բնույթի մասին՝ նշելով, որ մեր օրերի քաղաքական առաջնորդները կարողանում են ճիշտ օգտվել նոր գործիքներից՝ սոցիալական ցանցերից:
Պատասխանելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերություններին առնչվող հարցին՝ նախագահ Արմեն Սարգսյանն ասել է, որ ներկայում երկու պետությունները բանակցություններ են վարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ: Նա հիշեցրել է, որ հայկական կողմից բանակցությունները վարում են վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ արտգործնախարարը, իսկ ադրբեջանական կողմից՝ նախագահ Իլհամ Ալիևն ու այդ երկրի ԱԳ նախարարը:
«Ես իմ լիակատար աջակցությունն եմ ցուցաբերում խնդրի խաղաղ կարգավորմանը: Սակայն այս խնդիրը Հայաստանին չի հեռացնում՝ միջազգային հարաբերությունների, Եվրասիայի ու Եվրամիության միջև համագործակցության հարթակ լինելու հնարավորությունից»,- նշել է Արմեն Սարգսյանը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
670 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
715 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
706 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են