211652_close_icon
views-count9772 դիտում article-date 13:40 27-05-2019

Բոլորին շինթույլտվություններ ենք տալիս, բայց Երեւան քաղաքը պետք է իր ոճը ունենա. Հայկ Մարության

Կայացել է Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական նոր խորհրդի անդրանիկ նիստը: Կարևորելով մասնագիտական թիմի գործունեությունը՝ նիստը վարող Երևանի քաղաքապետ, խորհրդի նախագահ Հայկ Մարությանը նկատել է, որ խորհրդի աշխատանքը հնարավորություն կտա քաղաքն առաջ տանել ճիշտ ուղղությամբ: «Այսօր մենք շատ կարծրատիպեր քանդում ենք նաև քաղաքաշինական ոլորտում, իհարկե` ոչ թե մասնագիտական, այլև մոտեցումների առումով, և բնականաբար, մենք պետք է նաև զսպող մեխանիզմներ ունենանք: Մենք, այո՛, բոլորին թույլտվություններ ենք տալիս, ասում ենք շատ լավ է, եկեք արեք շինարարություն, գնանք առաջ, բայց Երևան քաղաքը պետք է իր ոճը ունենա, ընդհանրապես տրամաբանությունն ունենա, որտեղ ենք մենք, ուր ենք գնալու և ինչ ճանապարհ ենք ուզում անցնել, և ի վերջո ինչ ենք ուզում ստանալ»,-նշել է քաղաքապետը: «Երևանի համար կարևոր հիմնական նախագծերը կներկայացվեն քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի քննարկմանը». նշում է քաղաքապետ Մարությանն ու համոզմունք հայտնում, որ որոշումները կկայացվեն բազմակողմանի քննության արդյունքում: «Մեծ նախագծերը, կարևոր նախագծերը, հանրային մեծ հնչեղություն ունեցող նախագծերը մենք անպայման կուզենանք, որ մտնեն քաղաքաշինական խորհուրդ, որպեսզի առավել լայն կերպով քննարկվեն, հնարավորին շատ կարծիքներ հնչեն, լավագույն մասնագետների կարծիքները հնչեն, և այդ բոլոր կարծիքների հիման վրա էլ ձևավորվի մի կարծիք, որով մենք կշարունակենք գնալ առաջ: Յուրաքանչյուր որոշում այսուհետ չի լինելու միանձնյա, կներեք, որ այսպես եմ ասում, որովհետև շատ հաճախ առաջներում դա այդպես էր արվում, միանձնյա որոշում էր կայացվում, և շատ հաճախ ոչ մասնագիտական, այլ քաղաքական որոշումներ էր կայացվում: Այս խորհուրդը լինելու է հենց մասնագիտական կարծիքի գեներատոր՝ Երևան քաղաքի կարևոր կառույցների ու յուրաքանչյուր մեծ նախագծերի համար»,- ընդգծել է Հայկ Մարությանը: Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական նոր խորհրդում ընդգրկված են տարբեր սերունդների փորձառու ճարտարապետներ: «Ինչպես տեսնում եք, կազմը բավականին փոխված է, և մենք նախկին քաղաքաշինական խորհուրդը վերընտրելու փոխարեն որոշեցինք այս անգամ գնալ մի փոքր ուրիշ ճանապարհով. քաղաքաշինական խորհրդի մեջ ընդգրկել այն ճարտարապետներին, որոնք ունեն արդեն բավականին հետաքրքիր փորձառություն, հետաքրքիր կառույցներ և ունեն բավականին հետաքրքրիր վերաբերմունք ու մոտեցում բոլոր այն խնդիրներին, որ այսօր առկա են մեր առջև: Սա չի լինելու այն խորհուրդը, որի շնորհիվ ճարտարապետները հնարավորություն կունենան հավելյալ պատվերներ ստանալու, ես կարծում եմ՝ դուք այն աստիճանի կայացած մարդիկ եք, որ այդ խնդիրը չունեք»,- նշել է Երևանի գլխավոր ճարտարապետը: Անդրանիկ նիստում խորհրդի քննարկմանը երկու էսքիզ-առաջարկ էր ներկայացված՝ Պարոնյան 15 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի և Բարբյուսի 66 հասցեում, Կիևյան կամրջի հարևանությամբ բազմաֆունկցիոնալ շենքի կառուցման: Երկու կառույցների վերաբերյալ հնչեցին տարբեր կարծիքներ, առաջարկներ ու դիտարկումներ: Ճարտարապետները մի քանի խնդիրներ նշեցին հարկայնության ու կանաչ գոտիների ստեղծման հետ կապված: Քվեարկության արդյունքում միաձայն որոշում կայացվեց առաջին էսքիզ-առաջարկն ուղարկել վերամշակման, իսկ երկրորդը մերժվեց ձայների ճնշող մեծամասնությամբ:

Նմանատիպ նյութեր