1495 դիտում
10:20 28-05-2019
Հայկական ինքնության ձևավորման, հայոց պետականության կերտման ու կայացման ընթացքում հայ ժողովրդի անցած ուղին հերոսական է. ՀՀ նախագահ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ, որում ասվում է
«Սիրելի հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Հանրապետության տոնի առթիվ:
Հայ ժողովուրդն այսօր նշում է դարերի պատմություն ունեցող իր պետականության վերականգնման տոնը՝ հայ ժողովրդի պայքարն ու ձեռքբերումները, անկոտրում ոգու հաղթանակը խորհրդանշող մեր Հանրապետության տոնը։
Հայկական ինքնության ձևավորման, հայոց պետականության կերտման ու կայացման ընթացքում հայ ժողովրդի անցած ուղին հերոսական է ու փառավոր՝ մեր կորուստները միայն ամրապնդել են մեր ապրելու ձգտումը, մեր միտքն ուղղված է եղել ստեղծելուն, մեր ուժը՝ խաղաղություն հաստատելուն:
Երախտապարտ լինենք բոլոր այն մարդկանց, ովքեր 1918 թվականին կերտեցին Հայաստանի առաջին Հանրապետությունը, 1920 թվականից ի վեր՝ Խորհրդային Հայաստանը, իսկ 1991 թվականին վերածնեցին անկախ Հայաստանի Հանրապետությունը, բոլոր նրանց, ովքեր շուրջ երեք տասնամյակ պահպանել ու պահպանում են այն։
Հայաստանի և հայ ժողովրդի անվտանգության ապահովումն ու կայուն զարգացումը համազգային նշանակության խնդիր են: Իսկ համազգային խնդիրները կարող են լուծվել միայն համազգային ջանքերով՝ Հայաստանի, Արցախի ու սփյուռքի ողջ կարողություններն ու ներուժը օգտագործելով:
Մենք պետք է ձևավորենք Միասնական Ազգային օրակարգ՝ ընդհանուր կենսական նշանակություն և կարևորություն ունեցող գերակա խնդիրներով ու առաջնայնություններով, մեզանից յուրաքանչյուրը պետք է ներգրավված լինի ընդհանուր հարցերին վերաբերող որոշումների կայացման գործընթացում։
Եվ այս առումով անգնահատելի է մեր երիտասարդության դերակատարումը։ Այսօր ես առանձնահատուկ դիմում եմ Հայաստանում, Արցախում, աշխարհի տարբեր անկյուններում ապրող մեր երիտասարդ սերնդին անկախ պետականությամբ հայրենի հողի վրա համախմբվելու կոչով: Այսօր լավագույն հնարավորություններն ունենք ապրել ու զարգանալ սեփական հողում, երազել ու մտածել վաղվա մասին, ամբողջացնել Հայրենիքը որպես միասնական գաղափար և որպես զորեղ ու կենսունակ պետական միավոր: Մենք չենք կարող մեզ թույլ տալ բավարարվել մեր ձեռքբերումներով, այսօր մենք պատմական հնարավորություն ունենք բարելավելու մեր երկիրը, նպաստելու մեր հայրենիքի հզորացմանը և, ավելի քան երբևէ, այսօր մենք կարող ենք և պարտավոր ենք միասնաբար՝ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի եռապատիկ ուժն ու հնարավորությունները ծառայեցնել Հայաստանին:
Շնորհավոր բոլորիս տոնը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում: Խաղաղություն, հաղթանակ ու հաջողություն բոլորիս ու յուրաքանչյուրիս, մեր երկրին, մեր ժողովրդին, յուրաքանչյուր ընտանիքի, յուրաքանչյուր քաղաքացու: Վստահ եմ, որ մեր պետականության գալիք հարյուրամյակների պատմությունը արձանագրելու է հայ ժողովրդի միասնությամբ ու ստեղծագործ աշխատանքով ձեռք բերված նոր հաջողություններն ու հաղթանակները։
Աստված բոլորիս պահապան»:
Նմանատիպ նյութեր
1006 դիտում
09:44 01-09-2024
Կրթօջախներում ամբարած գիտելիքները գրավականն են մեր զավակների ինքնության կերտման և երկրի առաջընթացի․ Գարեգին Բ
Այս բաժնից
706 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
580 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
532 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին