211652_close_icon
views-count1500 դիտում article-date 16:14 29-05-2019

Ավետիք Վարդանյան. Ըմբիշները լավ մարզավիճակում են Եվրոպայի առաջնությունից առաջ

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանը լրագրողների հետ ճեպազրույցում խոսել է առաջիկա Եվրոպայի առաջնությունից սպասելիքների եւ թիմի առաջատար մարզիկների վնասվածքների մասին: «Այս տարի Եվրոպայի առաջնությանը մասնակցում ենք 9 ըմբիշով: Նախորդ տարվա Եվրոպայի չեմպիոններ Արսեն Հարությունյանը, Վազգեն Թեւանյանը եւ Հովհաննես Մաղաքյանն այս տարի նույնպես կարող էին հանդես գալ, սակայն չեն մասնակցում վնասվածքների պատճառով, ոչ ոք դրանից ապահովագրված չէ»,- նշեց մարզիչը: Ավետիք Վարդանյանը պատմեց, թե ինչու Հայաստանը ներկայացուցիչ չի ունենալու 92 կգ քաշային կարգում: «Կա մրցակցության բացակայություն: Այս քաշային կարգում Հայաստանի չեմպիոն է դարձել պատանեկան հավաքականից Լյովա Գեւորգյանը, որը կմասնակցի պատանիների Եվրոպայի առաջնությանը»: Երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչը նշեց, որ Արսեն Հարությունյանը, Վազգեն Թեւանյանը եւ Հովհաննես Մաղաքյանը կհասցնեն վերականգնվել մինչեւ երիտասարդների աշխարհի առաջնությունը. «Ըստ իս՝ մինչեւ երիտասարդների աշխարհի առաջնությունը նրանք կհասցնեն պատրաստ լինեն: Եվրոպայի առաջնությունից հետո ֆեդերացիայով եւ մարզչական խորհրդով կքննարկենք նրանց վերաբերող բոլոր հարցերը: Այս պահին նրանք գտնվում են երիտասարդների տարիքային խմբում: Ինչ վերաբերում է մեծահասակների աշխարհի առաջնությանը, ապա կարող եմ ասել, որ երիտասարդների աշխարհի առաջնությունից հետո ըմբիշները 35-40 օր կունենան վերականգնվելու համար եւ, իմ կարծիքով, պատրաստ կլինեն մեծահասակների աշխարհի առաջնությանը»: Զրույցի վերջում Ավետիք Վարդանյանը նշեց, որ թիմը հաջող է անցել նախապատրաստական փուլը: «Ըմբիշները լավ մարզավիճակում են: Ուրբաթը վերջին ծանրաբեռնված օրն է, կլինեն ստուգողական գոտեմարտեր: Սպասեք լավ արդյունքների»,- ասաց մարզիչը: Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում Իսպանիայի Պոնտեւեդրա քաղաքում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն Հարություն Մանուկյանը (57 կգ), Հրաչյա Մարգարյանը (61 կգ), Գեղամ Գալստյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Մհեր Մարկոսյանը (86 կգ), Կոլյա Հարությունյանը (97 կգ) եւ Աշոտ Ռուշանյանը (125 կգ) ։ Թիմը մրցավայր կմեկնի հունիսի 5-ին:

Նմանատիպ նյութեր