ԱԻՆ-ը հունիսմեկյան տոնական միջոցառում է կազմակերպել Ազատության հրապարակում
Հունիսի 1-ին երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Արտակարգ իրավիճակների նախարարության նախաձեռնությամբ Ազատության հրապարակում կազմակերպվել է տոնական միջոցառում: Միրջոցառմանը ներկա էին ԱԻ նախարարության տարբեր ստորաբաժանումների ղեկավարները:
Ազատության հրապարակում տոնական օրվա մեկնարկն ազդարարվեց ՀՀ ԱԻՆ փողային նվագախմբի կատարումներով: Երեխաների համար կազմակերպվեցին նաև խաղեր, կավճանկարչության դասեր: Միջոցառման երկրորդ հատվածում փոքրիկ հերոսներին ողջունելու էին եկել հեքիաթների և սիրված մուլտֆիլմերի հերոսները, ինչպես նաև Բոլիկ և Լոլիկ ծաղրածուները:
Փոքրիկ Անին մեզ հետ զրույցում նշեց, որ երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ աշխարհի բոլոր մանուկներին ցանկանում է առողջություն և երջանկություն:
Միջոցառմանը մասնակցում էին նաև ՀՀ ԱԻ նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի «911» մանկական թատերախմբի փոքրիկ դերասանները: Նրանք «Աղետիկ» բեմականացմամբ երեխաներին ներկայացրեցին «911» ծառայության և աղետներին դիմակայելու պատրաստվածության կարևորությունը:
Տոնական միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ ԱԻ նախարարության համակարգի աշխատողների արհմիութենական կազմակերպության աջակցությամբ: