Հունիսմեկյան տոնական միջոցառումներ՝ Կենտրոն վարչական շրջանում. լուսանկարներ
Հունիսի 1-ը` Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային տոնը Կենտրոն վարչական շրջանում տոնական է: Մանուկների համար օրը սկսվեց բակերից հնչող տոնական երաժշտությամբ և բազմաբնույթ անակնկալներով: Վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի նախաձեռնությամբ 20-ից ավել բակերում կազմակերպվել էին ուրախ մանկական միջոցառումներ` զվարճալի ծաղրածուների, հեքիաթների և մուլտֆիլմերի բարի և սիրված հերոսների մասնակցությամբ: Փոքրիկները երգեցին, պարեցին, իրենց ուժերը չափեցին սպորտային խաղերում: Իսկ տոնական միջոցառումները ամփոփվեցին քաղցր անակնկալներով` անուշահամ պաղպաղակ և հյութ բոլոր փոքրիկներին:
Վարչական շրջանի ղեկավարի կողմից անակնկալ էր սպասվում նաև այս տարի մանկապարտեզներին հրաժշտ տվող սաներին` մանկապարտեզում անցկացրած վերջին օրերը ավելի հիշարժան ու տպավորիչ դարձնելու նպատակով նախադպրոցական խմբերի սաները հունիսի 1-ը անցկացրեցին Օղակաձև զբոսայգում, անվճար օգտվեցին մանկական ատրակցիոններից և նույնիսկ ճաշեցին զբոսայգում գործող <<Բացատ>> սրճարանում:
Օրը տոնական էր նաև Կենտրոնի Շախմատի տանը, ուր արդեն 3-րդ տարին է Արա Սադոյանի նախաձեռնությամբ Երեխաների իրավունքերի պաշտպանության օրվան նվիրված անցկացվում է սկսնակ շախմատիստների մրցաշար: Այս տարի մրցաշարին մասնակցում էին 100-ից ավել 6-12 տարեկան շախմատիստներ: Պատվավոր 3-րդ և 2-րդ տեղերը զբաղեցրած փոքրիները ստացան պատվոգրեր և մեդալներ , իսկ առաջին մրցանակի արժանացած փոքրիկ շախամիտիստը ստացավ նաև գավաթ: