2353 դիտում
21:36 03-06-2019
Հունիսմեկյան միջոցառումներ են անցկացվել նաև Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում
Հայաստանում, ինչպես նաև աշխարհի բազմաթիվ երկրներում, հունիսի 1-ին նշվում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Հունիսի 1-ի տոնումը նպատակ ունի բարձրաձայնելու երեխաների իրավունքների մասին: Առաջին անգամ հունիսի 1-ը նշվել է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր 1950 թ.-ին:
Օրվա խորհրդին համապատասխան Երևանում և տարբեր մարզերում մանուկներին նվիրված բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում: Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը ևս ավանդաբար շնորհավորում է բոլոր մանուկներին և մանկական մշակութային միջոցառումներով նշանավորում երեխաների օրը:
Հունիսի 1-ի հանդիսավոր տոնումը գրադարանում նպատակ ունի կրկին անգամ կարևորել երեխաների իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը և ստեղծել հետաքրքիր և անկաշկանդ մշակութային հարթակ երեխաների տոնական տրամադրությունն ու շփումն ապահովելու համար:
Օրվա կապակցությամբ հունիսի 1-ին գրադարանում «Հայ ասպետ» դպրոցի սաները և ընթերցողները մարզերից ժամանած աշակերտների համար բեմադրեցին Կառլոս Եղիազարյանի «Դեպք խաղաղ անտառում» պիեսը, որն ուղեկցվեց մանկական երգերի կատարմամբ: Իսկ հունիսի 3-ին՝ հունիսմեկյան միջոցառումների շրջանակում, գրադարանը այցելություն իրականացրեց Մ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն: Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված այցելության ծրագրում փոքրիկների համար նախապատրաստվել էին Խնկո Ապոր առակների մոտիվներով տիկնիկային և կենդանի տիկնիկներով ներկայացում, փոխգործուն անգլերեն և խաղեր, ժամանցային հանելուկներ, մանկական երաժշտություն և պար:
Հունիսի 1-ից մեկնարկեց նաև դպրոցականների արձակուրդը, որի ընթացքում գրադարանը կհյուրընկալի բազմաթիվ երեխաների. ամառային դպրոցի շրջանակում կկազմակերպվեն տարաբնույթ միջոցառումներ, նկարչության, անգլերենի և ռուսերենի փոխգործուն պարապմունքներ, ուսուցողական խաղեր, գրքի քննարկումներ, ինչպես նաև ճանաչողական այցեր դեպի թանգարաններ:
Բացի այդ, գրադարանի համալրված գրքային ֆոնդն արդեն իսկ հասանելի է ամառային ընթերցանության համար:
Հավելենք, որ հունիսի 3-ից գրադարանում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մեկնարկեց խեցեգործության, հուլունքագործության, ասեղնագործության, թատերական և տիկնիկագործության խմբակներով ստեղծագործական ամառային դպրոց խոցելի խմբերի՝ սոցիալապես անապահով, միակողմանի ծնողազուրկ, բազմազավակ ընտանիքների, զոհված զինծառայողների և սահմանապահների 7-15 տարեկան երեխաների համար:
Նմանատիպ նյութեր
3747 դիտում
21:30 10-04-2019
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կմեկնարկի Ազգային գրադարանային շաբաթը
Այս բաժնից
979 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
1000 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»