1312 դիտում
10:49 04-06-2019
Որքան էլ համակրելի մարդիկ լինեն իշխանության մեջ, նրանց իշխելու ցանկությունը չի զսպվում․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Լճացումից և ստագնացիայից հետո երկիրը կարող է բարեփոխվել երկու ճանապարհով՝ բռնապետական ռեժիմ հաստատելով կամ սահմանադրական ճիշտ նորմեր մշակելով ու դրանք խստորեն պահպանելով: Առաջին ճանապարհը Հայաստանի համար բացառված է, և, բարեբախտաբար, իշխանությունները չեն էլ պատրաստվում դրանով գնալ: Մնում է երկրորդը՝ հակառակ դեպքում մենք ամեն քայլափոխին կանգնելու ենք խնդիրների առաջ և ի վերջո կհայտնվենք նույն ճահճում, որում գտնվում էինք մինչև 2018 թվականի հեղափոխությունը;
Սահմանադրական դատարանի անդամի ընտրությունն Ազգային ժողովի կողմից նմանատիպ «դեպքերից» մեկն է: Այն, որ քաղաքական մեծամասնությունը համառորեն մերժում էր նախագահի առաջադրած ապաքաղաքական մասնագետներին և, ի վերջո, «երեսի զոռով» անցկացնելու է իր քաղաքական համախոհին, դրանում մեղավոր չեն ո՛չ քաղաքական մեծամասնությունը, ո՛չ նախագահը, ո՛չ էլ, բնականաբար, մեծամասնության թեկնածուն: Խնդիրը Սահմանադրության մեջ է, որն, ըստ էության, հնարավորություն է տալիս իշխող քաղաքական ուժին ունենալու իրեն ենթարկվող Սահմանադրական դատարան: Ի դեպ, զարմանում եմ, որ այդ Սահմանադրության հեղինակները և քարոզիչները հիմա դժգոհում են, թե՝ «այս ի՞նչ է կատարվում, ինչպե՞ս կարելի է ՍԴ գործուղել սեփական քաղաքական թիմի ներկայացուցչին»: Ստացվում է, որ նրանց կարելի էր, իսկ ուրիշներին չի՞ կարելի:
ՀՀԿ-ն ուզում էր վերահսկեր Սահմանադրական դատարանը և այնտեղ էր գործուղում «ՀՀԿ-ամետ» Հրայր Թովմասյանին, «Իմ քայլը» նույնպես ցանկանում է ՍԴ-ն իր վերահսկողության տակ պահել (հակառակ պնդումներին ես, ներեցեք, չեմ հավատում) գործուղում է «իմքայլամետ» Վահե Գրիգորյանին: Տարբերություն, իհարկե, կա. նախորդ քաղաքական մեծամասնությունը լեգիտիմ չէր, իսկ այս մեկը լեգիտիմ է: Բայց իշխանության բնույթը միշտ՝ դարերի ընթացքում, և ամենուր՝ բոլոր երկրներում նույնն է, անկախ այն հանգամանքից՝ այն լեգիտիմ է, թե ոչ. իշխանությունն ուզում է իշխել (իշխանության ու նրա համակիրների կողմից «ժողովուրդ» բառի հաճախակի օգտագործումը զուտ «դարձվածքաբանական» բնույթ է կրում):
Այն երկրներում, որտեղ կան զսպող մեխանիզմներ, այնտեղ իշխանությունն իրեն քիչ թե շատ տանելի է պահում՝ չնայած չեմ պատկերացնում, որ, ասենք, Միացյալ Նահանգներում կամ Ֆրանսիայում նորմալ քաղաքացին, մանավանդ, որոշակի մտավոր ցենզ ունեցողը, հրճվի իշխանության ամեն մի քայլից ու դիֆերամբներ երգի իշխանության ներկայացուցիչների և նրանց հարազատների հասցեին: Հիմա, քանի որ Հայաստանում Սահմանադրությամբ զսպող մեխանիզմներ չկան, որքան էլ լավ և համակրելի մարդիկ լինեն իշխանության մեջ, նրանց իշխելու ցանկությունը ոչ մի բանով չի զսպվում: Ահա թե ինչի մասին պետք է մտածի քաղաքական մեծամասնությունը, եթե իսկապես ցանկանում է արդիականացնել մեր երկիրը»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2582 դիտում
10:47 05-09-2019
Բացառված չէ, որ այսօրվա համակրելի երիտասարդներին փոխարինեն հաստափոր ցինիկները․ «Առավոտ»
12190 դիտում
10:25 30-01-2020
Քաղաքացիները պետք է պաշտպանեն ոչ միայն լավ և համակրելի մարդկանց, այլև՝ բոլորի իրավունքները․ «Առավոտ»
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3220 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը