2528 դիտում
10:47 05-09-2019
Բացառված չէ, որ այսօրվա համակրելի երիտասարդներին փոխարինեն հաստափոր ցինիկները․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Հաջորդ շաբաթ սկսվելու են Ազգային ժողովի լիագումար նիստերը, և ինչ էլ ասեն իշխող վերնախավի ներկայացուցիչները, իշխանական թիմի միասնականության մասին որոշակի կասկածներ, այնուամենայնիվ, կան: Թե՛ կառավարությունում, թե՛ «Իմ քայլը» խմբակցությունում առնվազն երկու հարցերում՝ Ամուլսարի և Ստամբուլյան կոնվենցիայի, կարծիքները խիստ տարբեր են: Երկու խնդիրներն էլ, ըստ էության, հետաձգվել են, բայց, ինչպես ասում են, «նստվածքը մնացել է»: Խնդիրները խիստ տարբեր են իրենց «ընթացակարգով»՝ առաջինը պատգամավորների տիրույթում չի, երկրորդի վերաբերյալ անհրաժեշտ է Ազգային ժողովի քվեարկությունը: Տարբեր է, իմ կարծիքով, նաև այդ հարցերի նշանակությունը՝ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացնել-չվավերացնելը որևէ էական ազդեցություն չի թողնի հայաստանյան իրականության վրա: Պարզապես մեր հասարակության մեջ, մեղմ ասած, գիտելիքի և տեղեկատվության պակասն է օգնել, որպեսզի որոշ շրջանակներ կարողական կապել ընտանեկան բռնության դեմ պայքարը միասեռականության հետ: Դարձյալ փաստեմ, որ ամբոխահաճ հիստերիան այնքան մեծ էր, որ այդ առասպելին սկսեցին հավատալ անգամ կրթված մարդիկ:
Երկու հարցերում էլ տարաձայնությունները, կրկնեմ, ակնհայտ են, և պատճառը, ենթադրում եմ, ընդհանուր արժեքային համակարգի, ընդհանուր սկզբունքների, եթե ուզում եք՝ «իզմ»-երի բացակայությունն է: Անպայման անհրաժեշտ է փաստել նաև, որ բացի այն օրենսդիրներից, որոնք հիշյալ հարցերի վերաբերյալ հանդես ես եկել այս կամ այն դիրքորոշմամբ, «Իմ քայլում» կան նաև պատգամավորներ, որոնք ո՛չ այս, ո՛չ էլ որևէ այլ հարցով որևէ կարծիք չեն հայտնել: Նրանք ընդհանրապես ԱԺ-ում ոչ մի ձայն-ծպտուն չեն հանել և այդ առումով չեն տարբերվում նախորդ գումարման խորհրդարանի շատ իշխանական պատգամավորներից:
Խնդիրները, կարծում եմ, օրինաչափ են: Հիշենք, թե ինչպես է ձևավորվել խորհրդարանի այս կազմը: Ընտրությունները կազմակերպվել են հապճեպ, հեղափոխական էյֆորիայի ազդեցության տակ, առանց քաղաքական ծրագրի: Քվեարկությունն անցավ ազատ, օրենքի շրջանակներում, Նիկոլ Փաշինյանը վաստակեց 88 հոգանոց հսկայական խմբակցությունը ձևավորելու իրավունքը: Ի՞նչ չափանիշներով էր ընտրվում այդ 88 հոգին: Պարզ է, որ թեկնածուները պիտի քննության նման մի բան հանձնեին: Գլխավոր «թեսթը», որին նրանք պետք է համապատասխանեին, հավանաբար, հետևյալն էր՝ որքան ինտենսիվորեն են նրանք «մերժում Սերժին»՝ որքան մեծ կրքով էին դա անում, այնքան լավ: Այդ առումով խմբակցությունն, իհարկե, այսօր էլ է միասնական՝ «նախկինների» հարցում նրանք տարաձայնություններ չունեն: Բայց արդյո՞ք դա բավարար է օրենսդրական և ընդհանրապես քաղաքական գործունեության համար:
Հաջորդ ընտրությունները, երբ էլ դրանք կայանան, և ով էլ դրանցում հաղթի, անցնելու են բոլորովին այլ պայմաններում, մեծամասնությունն էլ, հավանաբար, բացարձակ չի լինելու: Բայց ես չէի շտապի դա լավ լուր անվանել: Որովհետև ամենևին էլ բացառված չէ, որ այսօրվա մեծ մասամբ համակրելի երիտասարդներին դարձյալ փոխարինեն հաստափոր ցինիկները»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1252 դիտում
10:49 04-06-2019
Որքան էլ համակրելի մարդիկ լինեն իշխանության մեջ, նրանց իշխելու ցանկությունը չի զսպվում․ «Առավոտ»
12148 դիտում
10:25 30-01-2020
Քաղաքացիները պետք է պաշտպանեն ոչ միայն լավ և համակրելի մարդկանց, այլև՝ բոլորի իրավունքները․ «Առավոտ»
Այս բաժնից
706 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
943 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2257 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ