1598 դիտում
11:57 13-06-2019
Յագլանդը նամակ է հղել Փաշինյանին. ԵԽ-ն գնահատում է դատական բարեփոխումների օրակարգին հետամուտ լինելու ՀՀ վարչապետի հանձնառությունը
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նամակում ԵԽ գլխավոր քարտուղարն ընդգծում է, որ ԵԽ-ն մեծապես գնահատում է դատական բարեփոխումների օրակարգին հետամուտ լինելու ՀՀ վարչապետի հանձնառությունը:
Ստորև ներկայացնում են Թ. Յագլանդի նամակի ոչ պաշտոնական թարգմանությունը և բնագրի պատճենը.
«Հարգելի պարոն վարչապետ,
Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ և Ձեր կառավարությանը այն ջերմ ընդունելության համար, որ ցուցաբերվեց Եվրոպայի խորհրդի պատվիրակության անդամներին, ովքեր մայիսի 30-ին և 31-ին այցելեցին Հայաստան, ինչպես նաև նրանց հետ ունեցած կառուցողական քննարկումների համար:
Եվրոպայի խորհուրդը մեծապես գնահատում է դատական բարեփոխումների օրակարգին հետամուտ լինելու Ձեր հանձնառությունը: Մենք նաև կիսում ենք Ձեր գնահատականն առ այն, որ պետք է բազմապատկել կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ջանքերն ու բարեփոխել և վերակառուցել դատական համակարգը՝ համապատասխան Հայաստանի Սահմանադրությանը և Հայաստանի միջազգային պարտավորություններին:
Արագ ու վճռականորեն իրականացված համապարփակ և հեռանկարային դատական բարեփոխումների ռազմավարությունը պատշաճ կերպով իրականություն կդարձնի Ձեր կառավարության օրինական նպատակները: Այդ ռազմավարությունը կարող է կառուցվել 3 հենասյուների վրա` կոռուպցիայի դեմ ուղղված եռանդուն ջանքեր, դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացում և մարդու իրավունքների խախտումների շտկում: Այն կարող է առաջնորդվել Եվրոպայի խորհրդի համապատասխան կառույցների եւ մոնիթորինգի մեխանիզմների, մասնավորապես՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, Վենետիկի հանձնաժողովի և GRECO- ի եզրակացություններով: Նման ռազմավարությունը կապահովի վստահություն բարեփոխումների նկատմամբ, դրանց կանխատեսելիությունը եւ միջազգային աջակցության շարունակականությունը:
Եվրոպայի խորհուրդը պատրաստ է ակտիվորեն մասնակցել այդ բարեփոխումների իրականացմանը Գործողությունների այն ծրագրի շրջանակներում, որի մեկնարկը մի քանի օրից կտրվի Երևանում գլխավոր քարտուղարի տեղակալի մասնակցությամբ:
Շարունակական համագործակցության ակնկալիքով,
Անկեղծորեն Ձեր,
Թորբյորն Յագլանդ»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
925 դիտում
20:39 19-10-2023
Բարձր եմ գնահատում Հայաստանի կառավարության հանձնառությունը խաղաղության գործընթացին. Լիտվայի վարչապետ
Այս բաժնից
880 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
895 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»