211652_close_icon
views-count925 դիտում article-date 20:39 19-10-2023

Բարձր եմ գնահատում Հայաստանի կառավարության հանձնառությունը խաղաղության գործընթացին. Լիտվայի վարչապետ

Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն բարձր է գնահատում Հայաստանի կառավարության հանձնառությունը խաղաղության գործընթացին և աջակցում է այն միջնորդելուն ուղղված Եվրամիության և ԱՄՆ-ի ջանքերին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Շիմոնիտեն այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո:
«Ներկայումս ձեր երկրի համար մարտահրավերներով լի ժամանակներ են: Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Լեռնային Ղարաբաղի պատերազմներում զոհվածների ընտանիքներին: Ցավակցում եմ այն տառապանքի համար, որ կրել են իրենց տներից հեռացած մարդիկ»,-ասաց վարչապետը:

Շիմոնիտեն հիշեցրեց, որ Լիտվայի կառավարությունը ֆինանսական և մարդասիրական նյութական աջակցություն է հատկացրել Հայաստանին: Ու թեև դա չի օգնի ամոքել ցավը, սակայն, վարչապետը հույս հայտնեց, որ դա կօգնի հոգալ նրանց որոշ հրատապ կարիքների մի մասը:

«Բարձր եմ գնահատում ձեր կառավարության հանձնառությունը խաղաղության գործընթացին և աջակցում եմ այն միջնորդելուն ուղղված Եվրամիության և ԱՄՆ-ի ջանքերին: Ես հույս և հավատ ունեմ, որ երկու կողմերը կպահպանեն իրենց հանձնառությունները՝ հարգելով մեկ մեկու տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Հավատացած եմ, որ երկխոսությամբ տևական խաղաղության իսկապես հնարավոր է հասնել»,-ասաց Լիտվայի վարչապետը:

Շիմոնիտեն հավելեց, որ ճանապարհը դեպի խաղաղություն դյուրին ճանապարհ չէ: Սակայն դա միակ ճանապարհն է Հայաստանում և ողջ տարածաշրջանի համար կայունության և բարեկեցության հասնելու:

Երկու երկրների վարչապետները քննարկել են անվտանգության իրավիճակը տարածաշրջանում և աշխարհում: Լիտվայի վարչապետը վերահաստատել է իր խորը համոզմունքն առ այն, որ ժողովրդավարությունները պետք է միավորվեն և կանգնեն ուս ուսի՝ պաշտպանելով ընդհանուր արժեքները և կանոնահենք միջազգային աշխարհակարգը: Նա նաև այդ պատճառով է, որ այսօր Հայաստանում է:

Նմանատիպ նյութեր