211652_close_icon
views-count1348 դիտում article-date 13:17 19-06-2019

Կալանավորված Վահե Մելոյանի գիտակցությունը պարզ է, կողմնորոշումը՝ բավարար. ՄԻՊ-ը չհայտարարված այց է կատարել «Դատապարտյալների հիվանդանոց»

Պաշտպանի ներկայացուցիչները հունիսի 18-ին չհայտարարված այց են կատարել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ հացադուլ հայտարարած անձանց հետ: Հերթական անգամ առանձնազրույց է տեղի ունեցել ապրիլի 30-ից հացադուլ հայտարարած Վահե Մելոյանի հետ: Հունիսի 18-ի այցի դրությամբ արձանագրվել է, որ Վահե Մելոյանի գիտակցությունը պարզ է, կողմնորոշումը՝ բավարար, հարցերին պատասխանում է հստակ: Բժշկական փաստաթղթերի ուսումնասիրմամբ՝ արձանագրվել է նաև, որ զարկերակային ճնշումը գտնվում է նորմայի սահմաններում: Պաշտպանի ներկայացուցիչները ազատությունից զրկված անձին հերթական անգամ ներկայացրել են հացադուլի բացասական հետևանքներն իր առողջական վիճակի վրա: Նշենք, որ նախորդ առանձնազրույցներից մեկի ժամանակ Վահե Մելոյանը նշել է, որ հացադուլը պայմանավորված է իրեն առաջադրված մեղադրանքով և ընտրված խափանման միջոցով: Ավելի վաղ՝ չհայտարարված այցի ժամանակ, Վահե Մելոյանը հայտնել է, որ ունի սրտի հետ կապված առողջական խնդիրներ, սակայն չի դիմել քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմին: Այս հարցը քննարկվել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ: Արդյունքում կալանավորված անձը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց, իրականացվել են անհրաժեշտ հետազոտությունները: Միաժամանակ այցի արդյունքներով պայմանավորված՝ Վ. Մելոյանի առողջական վիճակի, հացադուլի ընթացքի և դրա ընթացքում իրականացվող բժշկական սպասարկման հարցերի կապակցությամբ մայիսի 30-ին գրություն է հասցեագրվել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն: Գրությամբ նաև առաջարկվել է քննարկել հացադուլով պայմանավորված Վահե Մելոյանին բժշկական պատշաճ հսկողության նպատակով քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի ստացիոնար կամ բուժական ուղղիչ հիմնարկ տեղափոխելու հարցը և տեղեկացնել արդյունքների մասին: Գրությամբ նշվել է նաև, որ ելնելով իրավիճակի բարդությունից՝ անհրաժեշտ է ուժեղացնել իրականացվող սոցիալհոգեբանական բացատրական աշխատանքները՝ հացադուլի բացասական հետևանքները կանխելու ուղղությամբ: Հիշյալ գրության վերաբերյալ դեռևս պատասխան չի ստացվել: Բացի այդ, մայիսի 31-ին Վահե Մելոյանի մայրը Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքով խնդրել է Պաշտպանի աջակցությունը որդուց լրացուցիչ ցուցմունք վերցնելու, նրա և քրեական գործով տուժող հանդիսացող անձի հետ առերես հարցաքննությունն իրականացնելու, ինչպես նաև որդու տեսակցությունների և հեռախոսազանգերի նկատմամբ կիրառված արգելանքը վերացնելու հարցերում: Վերոնշյալ հարցերի կապակցությամբ 2019 թվականի հունիսի 6-ին գրություն է հասցեագրվել ՀՀ քննչական կոմիտե: Այս պահին պատասխանն ուսումնասիրվում է: Միաժամանակ, Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչը մշտապես կապի մեջ է գտնվել ՔԿՀ բժշկական սպասարկման բաժնի պետի հետ, իսկ 2019 թվականի հունիսի 12-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի պետը տեղեկություն է տրամադրել այն մասին, որ 2019 թվականի հունիսի 7-ին և հունիսի 12-ին Վահե Մելոյանը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց, որտեղ իրականցվել են մի շարք հետազոտություններ: Հունիսի 14-ի ուշ երեկոյան ևս Պաշտպանի ներկայացուցիչները կապի մեջ են եղել ՔԿՀ-ի վարչակազմի հետ, տեղեկություն ենք ստացել, որ Վահե Մելոյանը հրաժարվել է ՔԿՀ ժամանած շտապ բուժօգնության ծառայությունից: Հունիսի 17-ին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը կապ է հաստատել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի վարչակազմի հետ և տեղեկացել, որ Վահե Մելոյանը հունիսի 15-ին տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց»: Հիշեցնենք, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձ Վահե Մելոյանը, որը 50 օր գտնվում էր հացադուլի մեջ և հունիսի 15-ից գտնվում էր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, բժիշկների հսկողության տակ, այսօր դուրս է եկել հացադուլից, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Նմանատիպ նյութեր