211652_close_icon
views-count1255 դիտում article-date 10:50 20-06-2019

Նարիշկինի կեղծ թիրախները․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը օրերս խոսել է ԼԳԲՏ-ի, Սորոսի, դոլարի, ավանդական արժեքների դեմ պայքարի, մարիխուանայի օրինականացման մասին: Ընդհանուր առմամբ, գնահատականները համընկնում են Հայաստանում «հայուգենական» հ/կ-ների, ինչպես նաև ներկայիս իշխանության ընդդիմախոսների մի մասի դիրքորոշումների հետ: Բայց հատկանշական է, որ այդ խնդիրների մասին խոսում է ոչ թե հասարակական գործիչ, ոչ թե հոգևորական, այլ երկրի ուժային կառույցներից մեկի ղեկավարը, այն էլ՝ անվտանգության մարմինների ղեկավարների խորհրդակցության ժամանակ: Հետևաբար, դա ոչ թե առանձին անհատի կամ կազմակերպության կարծիք է, այլ երկրի քաղաքականության արտացոլում՝ քաղաքականություն, որն այսպես թե այնպես ազդում է նաև Հայաստանի ներքին կյանքում տեղի ունեցող գործընթացների վրա: Ինչպես նման դեպքերում սովորաբար լինում է, իրականում գոյություն ունեցող խնդիրները «միահյուսվում են» հորինվածքների հետ՝ ճշմարտանման խառնուրդ ստեղծելու համար: Օրինակ, թմրանյութերի գովազդը և դրանք որպես դեպրեսիայի դեմ պայքարի և ինքնագնահատականը բարձրացելու միջոց ներկայացնելը, տագնապալի միտում է: Բայց դա բացառապես կոմերցիոն նախագիծ է, որն իրականացնում են թմրանյութեր արտադրողները՝ իրենց գերշահույթներն ապահովելու համար: Այդ բիզնեսմեններն, անշուշտ, շատ ազդեցիկ են, այդ թվում նաև՝ որոշ երկրների օրենսդրական և գործադիր շրջանակներում: Ի դեպ, մեզ հայտնի է դեպրեսիայի դեմ պայքարելու և ինքնագնահատականը բարձրացնելու ռուսական ավանդական, «40 աստիճանի» միջոցը. դարերի ընթացքում ռուսական պետությունը ժամանակ առ ժամանակ փորձեր էր անում սահմանափակել այդ միջոցի շրջանառությունը, սակայն այդ բոլոր փորձերը մշտապես ձախողվում էին: Հավանաբար, նույն «կոմերցիոն» պատճառներով: Իրականում մտահոգիչ է նաև Նարիշկինի նշած մեկ այլ երևույթ՝ համացանցի, սոցիալական ցանցերի պատճառով ժամանակակից մարդիկ դառնում են ավելի ու ավելի մեկուսացած, նյարդային և մանիպուլյացիաներին ենթակա: Բայց դա առաջին հերթին արևմտյան հասարակության խնդիրն է, և այն բացարձակապես հնարավոր չէ համարել զուտ արևմտյան գործիք՝ ընդդեմ Ռուսաստանի և հետխորհրդային տարածքի: Ռուսաստանը ճիշտ նույն ձևով օգտագործում է այդ զենքը այլ երկրների, այդ թվում Հայաստանի դեմ: Բայց Ռուսաստանի «մտահոգությունը» ոչ թե ինքնին այդ երևույթներն են, այլ այդ ամենի արդյունքում «պետության հեղինակության» անկումը և «գունավոր հեղափոխությունների» վտանգը, որոնց մասին խոսում է Նարիշկինը: Եվ այստեղ, ինձ թվում է, նա կեղծ թիրախներ է նշում: Պետության հեղինակությունն անկում է ապրում ոչ թե «սորոսների» և «ԼԳԲՏ»-ների դավադրությունների պատճառով, այլ իշխանավորների ամբարտավան կեցվածքի և ծայրահեղ կոռումպացվածության հետևանքով: Նույն պատճառով էլ տեղի են ունենում գունավոր և այլ հեղափոխությունները: Եվ վերջապես, եթե դոլարը, Նարիշկինի ասելով, «տոքսիկ տարադրամ» է, ապա ինչո՞ւ Ռուսաստանի «պետականաստեղծ» հիմնարկությունը՝ «Գազպրոմն» իր բոլոր գործընկերների հետ առևտուր է անում դոլարով: Թող անի ռուբլով: Մեզ, օրինակ, դա ձեռնտու է»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր