211652_close_icon
views-count947 դիտում article-date 13:20 08-10-2014

Երևանում քննարկվում են ՄԱԿ-ի զարգացման նոր օրակարգի թիրախները

Երևանում այսօր մեկնարկել է «Կառավարության և կառավարման կարողությունների զարգացում հանուն կայուն զարգացման» միջազգային եռօրյա խորհրդաժողովը: Այն կազմակերպվել է ՄԱԿ-ի «Հետ-2015» զարգացման նոր օրակարգի շրջանակում ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական զարգացման դեպարտամենտի կողմից: Նպատակն է՝ քննարկել ՄԱԿ-ի զարգացման նոր ծրագրի իրականացման եղանակները և բացահայտել արդյունավետ կառավարման նոր ուղիներ: Խորհրդաժողովին բացման խոսքով հանդես է եկել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: ՀՀ վարչապետի և անձամբ իր անունից ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ պարոն Հարությունյանը նշել է. «Հայաստանը մշտապես ակտիվորեն մասնակցել է ՄԱԿ-ի հայեցակարգային բոլոր նախաձեռնությունների իրականացմանը: Մենք առաջիններից էինք, որ սկսեցինք կյանքի կոչել 1992 թ. Ռիո դե Ժանեյրոյում անդամ-երկրների կողմից ընդունված կայուն զարգացման հանձնառությունները: 2000 թվականին՝ ՄԱԿ-ի Հազարամյակի զարգացման նպատակների ընդունումից հետո ևս, Հայաստանն անմիջապես ձեռնամուխ եղավ դրանց իրականացմանը: Մենք կարևորում ենք «Հետ-2015» ՄԱԿ-ի զարգացման նոր օրակարգի շուրջ տարվող աշխատանքները և հույս ունենք, որ այն կհանգեցնի ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ աշխարհում հասարակության համար ավելի բարեկեցիկ, արդար, արժանապատիվ և ապահով կենսագործունեության միջավայրի ստեղծմանը»: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարն ընդգծել է, որ կառավարման կարողությունները, հաշվետվողականությունը և թափանցիկությունը ցանկացած ծրագրի իրականացման կարևոր բաղադրիչն են, և հենց այդ մոտեցումն է դրված նաև ՀՀ կառավարության՝ ս.թ. մայիսին ընդունված Հայաստանի 2014-2025 թթ. զարգացման ծրագրի հիմքում: Դավիթ Հարությունյանն արդյունավետ աշխատանք է մաղթել խորհրդաժողովի մասնակիցներին՝ հույս հայտնելով, որ երևանյան հռչակագիրը կդառնա 2015 թ. ընդունվելիք ՄԱԿ-ի ծրագրային նոր փաստաթղթի կարևոր մասը: Լրագրողների հետ ճեպազրույցում պարոն Հարությունյանը կարևորել է նման քննարկումների կազմակերպումը՝ նշելով. «Մենք մեկ տարի շարունակ քննարկելու ենք՝ 2015 թ. բուն միջոցառմանը նախապատրաստվելու համար, որի ընթացքում արդեն կնախանշվեն աշխարհի զարգացման տեսանկյունից առավել նպատակահարմար համարվող գաղափարները և թիրախները»: Ողջույնի խոսքով են հանդես եկել նաև ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հարցերի վարչության ղեկավար Ջոն-Մարի Կաուզյան, ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոն, Աղքատության դեմ պայքարի և միջազգային զարգացման ինստիտուտի տնօրեն Պան Սուկ Կիմը, Աստանայի տարածաշրջանային քաղաքացիական ծառայության վերահսկիչ կոմիտեի նախագահ Ալիխան Բայմենովը, Ղազախստանի նախագահի հովանու ներքո գործող հանրային կառավարման ակադեմիայի ռեկտորի տեղակալ Շոլփան Եսիմովան: Հոկտեմբերի 8-10-ն անցկացվող միջազգային այս խորհրդաժողովին մասնակցում է մոտ երեք տասնյակ երկրի ավելի քան 60 ներկայացուցիչ: Միջոցառման լիագումար նիստերի շրջանակում տեղի կունենան քննարկումներ հանրային կառավարման, կրթության և գիտության ոլորտների, բնական ռեսուրսների, կանաչ տնտեսության, կայուն էներգետիկ և ջրային քաղաքականության զարգացման, ինչպես նաև կայուն զարգացման այլ ուղղությունների վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր