1321 դիտում
18:54 09-07-2019
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկել է «Հայաստանի հնագիտությունը տարածաշրջանային համատեքստում» միջազգային երկրորդ գիտաժողովը
Հուլիսի 9-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահությունում մեկնարկեց «Հայաստանի հնագիտությունը տարածաշրջանային համատեքստում» միջազգային երկրորդ գիտաժողովը՝ նվիրված ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի 60-ամյակին: Գիտաժողովին մասնակցում են գիտնականներ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Իտալիայից, Ռուսաստանից, Վրաստանից:
Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: Արժևորելով ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի անցած ուղին, գիտական ձեռքբերումները՝ ՀՀ ԳԱԱ նախագահը, մասնավորապես, ասաց. «ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի բոլոր սերունդները հավատարիմ են եղել այն գաղափարին, որ հայագիտության զարգացման կարևորագույն ուղղություններից մեկը հնագիտությունն է: Այդ առումով մենք մեր երախտիքի խոսքն ենք ասում այն կազմակերպիչներին, ովքեր կանգնած են եղել ինստիտուտի ստեղծման և նրա գործունեության ապահովման ակունքներում:
Համոզված եմ, որ այս գիտաժողովը կլինի շատ հետաքրքիր, և կքննարկվեն այն հարցերը, թե հիմա ինչ ուղղություններով պետք է զարգանա հնագիտությունն այս տարածաշրջանում, որովհետև հնագիտությունն ունի ոչ միայն գիտական, այլև մշակութային և քաղաքական նշանակություն»:
ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարի անունից ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանը շնորհավորեց ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտին 60-ամյա հոբելյանի առթիվ և մաղթեց գիտական նորանոր ձեռքբերումներ և նվաճումներ: Իր ելույթում Նարինե Խաչատուրյանը հնագետներին բնութագրեց որպես ժամանակները միմյանց կապող, տրամաբանական շղթան վերստեղծող մարդիկ: «Մարդկության մշակութային պատմությունը սկսվում է հնագետներից և ազգագրագետներից: Ձեր ուժն անխոցելի փաստերն են: Ձեզ մաղթում եմ բեղմնավոր աշխատանք և վստահ եմ, որ մեր համագործակցությունը շատ խորը արմատներ գցի»,- ասաց Նարինե Խաչատուրյանը:
«Հնագիտության և ազգագրության ինստիտուտը 60 տարիների ընթացքում հսկայական ճանապարհ է անցել, և կարելի է ինստիտուտի հրապարակումների, նաև միջազգային կապերի հիման վրա պնդել, որ այն այսօր ընթանում է համաշխարհային հնագիտության հետ համընթաց: Ինստիտուտի ուսումնասիրությունների արդյունքներով բավական հարստացել է հայոց պատմության հնագիտական հենքը, և այսօր շատ տեսություններ՝ հատկապես պատմագիտության ասպարեզում մեր ժողովրդի ծագման, պետական կառավարման համակարգերի սկզբնավորման շատ խնդիրներ, լուսաբանվում են նորովի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի կողմից ստացված նոր արդյունքների շնորհիվ»,- իր ելույթում, մասնավորապես, ասաց ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը:
Քորնելի համալսարանի պրոֆեսոր Ադամ Սմիթն ընդգծեց, որ այսօր Հայաստանը դարձել է հնագիտական հետազոտությունների անցկացման ցանկալի վայր ի շնորհիվ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատանքների: Ինստիտուտի հետ ունեցած 30-ամյա համագործակցության ժամանակահատվածի համար պրոֆեսոր Ադամ Սմիթն առանձնացրեց 3 կարևորագույն ձեռքբերում. «Առաջին ձեռքբերումն այն է, որ համագործակցության շնորհիվ կուտակվեցին մեծ քանակով տվյալներ, որոնք հասանելի դարձան համաշխարհային հնագիտական համայնքի համար:
Այս իմաստով չափազանց կարևոր է «Արամազդ» հանդեսի դերը, որը խոսափող հանդիսացավ հայկական հնագիտությունը աշխարհին ներկայացնելու համար: Երկրորդ կարևոր ձեռքբերումն այն է, որ ինստիտուտը հնարավորություն ունեցավ ներգրավվելու միջազգային հետազոտական ծրագրերում, իսկ երրորդը՝ ինստիտուտի մեծ աշխատանքն է հնագետների նոր սերունդ դաստիարակելու գործում»:
Վինչեսթերի համալսարանի պրոֆեսոր Քեյթ Վիլքինսոնն էլ իր ելույթում նշեց. «Դուք բախտավոր եք ձեր հնագիտական ժառանգությամբ: Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել համագործակցության համար: Հուսով եմ, որ մեր համագործակցությունը կշարունակվի և նոր հայտնագործություններ կունենանք»:
Եռօրյա գիտաժողովի ընթացքում կներկայացվեն ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի միջազգային համատեղ ծրագրերով կատարված հետազոտությունների՝ մասնավորապես հայ-ամերիկյան, հայ-իտալական, հայ-ճապոնական, հայ-ֆրանսիական, հայ-ավստրիական, հայ-գերմանական համատեղ արշավախմբերի հետազոտությունների արդյունքները:
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը հիմնադրվել է 1959թ. ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիայի Պատմության ինստիտուտի հնագիտության բաժնի և ազգագրական խմբի հիման վրա: 1961թ. ՀՍՍՀ ԳԱ Գրականության ինստիտուտից այնտեղ է տեղափոխվել Բանահյուսության բաժինը, իսկ 1973թ. ստեղծվել է Մարդաբանական լաբորատորիան:
Հնագիտության և ազգագության ինստիտուտի առաջին տնօրենն է եղել ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս Բաբկեն Առաքելյանը: 1987թ. նրան հաջորդել է պ.գ.դ. Գևորգ Տիրացյանը, 1993թ.՝ ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ Արամ Քալանթարյանը: 2006 թվականից ինստիտուտի տնօրենն է ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ Պավել Ավետիսյանը:
[b]ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
3659 դիտում
22:02 25-09-2017
Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկել է «CSIT-2017» միջազգային գիտաժողովը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
835 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
865 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»