211652_close_icon
views-count3696 դիտում article-date 22:54 08-07-2019

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում կմեկնարկի «Հայաստանի հնագիտությունը տարածաշրջանային համատեքստում» միջազգային երկրորդ գիտաժողովը

Հուլիսի 9-ին՝ ժամը 9:30-ին, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահության նիստերի դահլիճում (Բարշալ Բաղրամյան պողոտա 24, 2-րդ հարկ), կմեկնարկի «Հայաստանի հնագիտությունը տարածաշրջանային համատեքստում» միջազգային երկրորդ գիտաժողովը՝ նվիրված ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի 60-ամյակին: Ողջյունի խոսքով հանդես կգան ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Նարինե Խաչատուրյանը, Քորնելի համալսարանի պրոֆեսոր Ադամ Սմիթը, Վինչեսթերի համալսարանի պրոֆեսոր Քեյթ Վիլքինսոնը: Գիտաժողովի հիմնական նպատակն է ի մի բերել վերջին տասնամյակում Հայաստանում կատարված հնագիտական պեղումների և հնագիտական հետազոտությունների հիմնական արդյունքները, քննարկել հայաստանյան հնագիտության հեռանկարային անելիքները: Գիտաժողովում կներկայացվեն ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի վերջին տարիների ձեռքբերումները, միջազգային համատեղ ծրագրերով կատարված հետազոտությունների՝ մասնավորապես հայ-ամերիկյան, հայ-իտալական, հայ-ճապոնական, հայ-ֆրանսիական, հայ-ավստրիական, հայ-գերմանական համատեղ արշավախմբերի հետազոտությունների արդյունքները: Գիտաժողովի աշխատանքները շարունակվելու են սույն թվականի հուլիսի 9-ից 11-ը: [b] ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր