26031 դիտում
14:29 14-07-2019
Խոշոր հրդեհ Երևանում. կրակը մոխրակույտի է վերածել երիտասարդ ամուսինների տունը. 6 տարեկան աղջնակին կրակի ճիրաններից դուրս են բերել հարևանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել հուլիսի 3-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Յան Ռայնիսի 90 շենքի 1-ին բնակարանում առաջացած խոշոր հրդեհի փաստով։
Ինչպես հայտնույմ է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 18։00-ից մինչև ժամը 18։30-ն ընկած սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ նշված շենքի նշված բնակարանում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր կանխել են նշված բնակարանի հյուրասենյակում առաջացած կրակի տարածումը, ապա մարել այն։
Բարեբախտաբար, տուժածներ չեն եղել, իսկ տանը հրդեհի պահին եղել է միայն 6 տարեկան աղջիկը, ում կրակի ճիրաններից պատուհանի ճաղավանդակներից դուրս են բերել հարևանները, և եթե հարևաններն օպերատիվ չգործեին, հնարավոր է՝ հրդեհը ողբերգական հետևանքներ ունենար։
Այսօր՝ հուլիսի 14-ին, ֆոտոլրագրողի հետ զրույցում տանտերերը՝ ամուսիններ, 36-ամյա Սեյրան Հարությունյանն ու 27-ամյա Արփինե Գրիգորյանը, ասում էին. «Չարաբաստիկ հրդեհի օրը Սեյրանը տանը Միլենայի հետ է եղել։ Արփինեն աշխատանքի է եղել, իսկ մյուս՝ 8 տարեկան աղջնակը, եղել է բարեկամի տանը»։
Միլենան քաղցրավենիք է ուզել, և հայրը գնացել է Զեյթունի «Երևան Սիթի»-ից երեխայի համար քաղցրավենիք գնելու։ Ըստ հոր պատմածի՝ այդ ամենը տևել է 20-25 րոպե, երբ հարևանները շնչակտուր հասել են խանութ ու Սեյրանին հայտնել, որ տունը վառվում է, ու արդեն ժամանած հրշեջների շնորհիվ նախ կանխվել է կրակի տարածումը դեպի մյուս սենյակներ, ապա մարվել է այն։
«Մենք գոհ ենք հարևաններից, ովքեր փրկել են երեխայի կյանքը, գոհ ենք նաև հրշեջներից, ովքեր ահազանգից հետո րոպեների ընթացքում հասել են դեպքի վայր։ Բայց դե կրակն իր սև գործն արել է։ Շնորհիվ հրշեջների՝ մյուս սենյակեր չի տարածվել։ Ուզում ենք մենք մեր երախտագիթյունը հայտնել «ՍՈՍ» մանկական գյուղերի սոցիալական կազմակերպությանն ու «Բարի մամա» կազմակերպությանը, ովքեր հաջորդ օրը ինչով հնարավոր էր՝ օգնության ձեռք մեկնեցին մեզ՝ մասամբ թեթևացնելով մեր հոգսերը։ Խնդրում ենք Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Կարեն Հակոբյանին, որպեսզի սատար կանգնեն մեզ։ Մենք ոչ միայն սոցիալապահ ենք անապահով, այլև համարվում ենք «Փարոս»-ից օգտվողներ, ունենք առողջական խնդիրներ ու միայնակ մենք չենք կարող մեր հոգսերը հոգալ։ Խնդրում ենք քաղաքապետին, որ գոնե ինչով հնարավոր է՝ օգնեն։ Ամեն մի փոքրիկ օգնություն մեզ հույս կտա, որ, իրոք, օրհասական այս պահին մենք միայնակ չենք։ Բարի մարդիկ մեզ նման ընտանիքներին սատար կկանգնեն»,-ասում էին ամուսինները։
Ֆոտոլրագրողի հարցին, թե ինչն է եղել հրդեհի պատճառը, ամուսիններն ասացին, որ իրենց հայտնել են, որ ըստ նախնական տեղեկությունների՝ պատճառը եղել է էլեկտրական լարերի կարճ միացումը։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+