211652_close_icon
views-count1315 դիտում article-date 13:08 23-07-2019

Արարատի մարզում 2019-ի 1-ին կիսամյակում կոռուպցիոն հանցագործության դեպքերով պետությանը պատճառվել է 14,7 միլիոն դրամի վնաս

2019 թվականի 1-ին կիսամյակում ՀՀ Արարատի մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության կամ ղեկավարման ներքո ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության և ենթակա ստորաբաժանումների վարույթում գտնվել է նույն ժամանակահատվածում հարուցված կոռուպցիոն բնույթի 33 քրեական գործ: Հայտնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը։ Մարզի տարածքում կոռուպցիայի դեմ պայաքարին մեծ աջակցություն է ցուցաբերվում բնակչության կողմից: Դրա մասին է փաստում այն իրողությունը, որ այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում քրեական գործերից 28-ը կամ 84 տոկոսը հարուցվել են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հաղորդումների հիման վրա, 4-ը կամ 12 տոկոսը՝ հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի, դատավորի կողմից՝ իրենց լիազորություններն իրականացնելու արդյունքում, իսկ 1-ը՝ լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա: Հայտնաբերված կոռուպցիոն դեպքերն արձանագրվել են տեղական ինքնակառավարման ոլորտում՝ 18 դեպք, սոցիալական ապահովության ոլորտում՝ 5 դեպք, կրթության ոլորտում՝ 4 դեպք, առողջապահության ոլորտում՝ 2 դեպք, պրոբացիայի պետական ծառայության ոլորտում՝ 2 դեպք, քրեակատարողական ծառայության ոլորտում և այլ ոլորտներում 1-ական դեպքեր: Նույն ժամանակահատվածում քրեական հետապնդման մարմինների վարույթում քննվել են կոռուպցիոն բնույթի 60 քրեական գործեր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 16-ի փոխարեն, ինչը վկայում է կոռոպցիոն հանցագործության դեպքերի բացահայտման կտրուկ աճի և որպես հետևանք՝ քրեական հետապնդման մարմինների ծանրաբեռնվածության մեծացման մասին: Նշված 60 գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 22 անձ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1-ի փոխարեն: Քրեական հետապնդում է հարուցվել մասնավորապես՝ Գետազատ համայնքի ղեկավարի և համայնքապետարանի աշխատակցի, Ջրահովիտ, Սուրենավան համայնքերի ղեկավարների, Արգավանդ համայնքի ղեկավարի և համայնքի նախկին ղեկավարի, Փոքր Վեդի համայնքի ղեկավարի և համայնքի մանկապարտեզի աշխատակցի, Արևաբույր համայնքի նախկին ղեկավարի և համայնքապետարանի աշխատակցի, Բերքանուշ համայնքի ղեկավար և գրադարանավարի, «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի, «Ազատավանի ԱԱՊԿ» ՓԲԸ-ի տնօրենի և հաշվապահի, Պարույր Սևակ համայնքի հիմնական դպրոցի տնօրենի, նախկին տնօրենի և աշխատակցի, Դալար համայնքի հիմնական դպրոցի տնօրենի և աշխատակցի, «Արմավիր» ՔԿՀ-ի բժշկի, Մասիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության մասնագետի նկատմամբ: Նշված ժամանակահատվածում դատարան է ուղարկվել կոռուպցիոն բնույթի 2 քրեական գործ՝ 2 անձի վերաբերյալ։ Նույն ժամանակահատվածում դատարանում քննվել և մեղադրական դատավճռով ավարտվել են նշված բնույթի 2 գործ՝ 2 անձի վերաբերյալ: 2019 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ դեպքերով հարուցված և քննված քրեական գործերով նախնական արձանագրված պետությանը պատճառված վնասը կազմել է 14.775.000 ՀՀ դրամ, որից արդեն իսկ վերականգնվել է 2.884.000 ՀՀ դրամը։ Համեմատության համար նշենք, որ 2018թ. առաջին կիսամյակում հարուցված քրեական գործերով բացահայտված՝ պետությանը պատճառված վնասը մոտ 7 անգամ ավելի քիչ է եղել՝ կազմելով 2.102.000 դրամ, որից այդ ընթացքում վերականգնվել է 460.000 ՀՀ դրամը, այսինքն այս տարվա համեմատ 6.2 անգամ քիչ: Նշված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքների վերացման նպատակով Արարատի մարզի դատախազի կողմից ՀՀ Արարատի մարզպետին ներկայացվել է ընդհանուր առմամբ 7 միջնորդագիր: Վերջիններս քննարկվել են մարզխորհրդի նիստերում, ինչպես նաև համայնքապետարանների աշխատակազմերի քարտուղարների խորհրդակցության ժամանակ՝ համայնքների ղեկավարների և համայնքապետարանների աշխատակազմերի աշխատակիցների, մարզպետարանի ենթակայության տակ գտնվող բուժհաստատությունների աշխատակիցների կողմից միջնորդագրերում ներկայացված նմանատիպ դեպքերը բացառելու համար:

Նմանատիպ նյութեր