211652_close_icon
views-count2085 դիտում article-date 09:38 26-07-2019

ԵԱՀԿ-ում տպավորված են մամուլի ազատության ոլորտում Հայաստանի առաջընթացով․ Հարլեմ Դեսիր․ «Ամերիկայի ձայն»

ԵԱՀԿ-ում տպավորված են խոսքի և մամուլի ազատության ոլորտում «Թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանի կողմից գրանցված առաջընթացով, [url=https://www.amerikayidzayn.com/a/5015706.html]«Ամերիկայի Ձայն»[/url]-ին ասել է Ֆրանսիայի նախկին քաղաքական գործիչ, իսկ այժմ Լրատվամիջոցների ազատության հարցով ԵԱՀԿ ներկայացուցիչ Հարլեմ Դեսիրը. «Մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերընտրվելը ես այցելել եմ Հայաստան, հանդիպել նրա հետ՝ անմիջապես «Թավշյա հեղափոխությունից» հետո: Կարծում եմ, երկրում տեղի է ունեցել շատ տպավորիչ փոփոխություններ, մենք իրոք ոգեշնչված ենք Հայաստանի գրանցված առաջընթացով և մեզ համար շատ կարևոր է շարունակել աշխատանքը Հայաստանի իշխանությունների հետ՝ միասին էլ ավելի բարելավելով մամուլի ազատությունը երկրում»: Այժմ Հայաստանում իրավիճակը հասունացել է նաև առավել անկախ հանրային հեռարձակողի զարգացման հեռանկարները քննարկելու համար, նշում է ԵԱՀԿ ներկայացուցիչը. «Մենք անդրադարձել էինք նաև առցանց կարգավորումների խնդրին. ես տեղյակ եմ, որ առկա են բազմաթիվ մտահոգություններ կեղծ նորությունների, լրատվական մանիպուլյացիաների վերաբերյալ: Կարծում եմ մեզ անհրաժեշտ է առաջին հերթին աջակցել առավել որակյալ լրատվություն և փաստերի ստուգում ապահովող լրատվամիջոցների զարգացմանը, այլ ոչ թե օրենքներ ընդունելով փորձել կարգավորել խնդիրները, քանի որ դա կարող է բացասաբար ազդել ազատ արտահայտման իրավունքի վրա, իսկ ազատ արտահայտման իրավունքը շատ զարգացած է Հայաստանում և պետք է պաշտպանված մնա»: Նոյեմբերին Հարլեմ Դեսիրը նախատեսում է կրկին Հայաստան այցելել՝ Հայաստանի կառավարության հետ համագործակցության գործնական ծրագրեր քննարկելու համար: Վաշինգտոնում Դեսիրը մասնակցում էր ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի Մարդու իրավունքների Հենսինկյան հանձնաժողովի կողմից կազմակերպված լսումներին, որտեղ ներկայացրել էր ԵԱՀԿ-ի տարածքում մամուլի ազատության մակարդակը: ԵԱՀԿ-ի ներկայացուցչի խոսքով, Ռուսաստանի կողմից կեղծ լուրերի տարածումը ԵԱՀԿ-ի տարածքում գտնվող որոշ երկրներում լուրջ խնդիր է մնում, մինչդեռ Ռուսաստանի ներսում լրագրողներին ճնշումների են ենթարկում: Չափազանց ծանր է իրավիճակը նաև Ադրբեջանում և Թուրքիայում. Թուրքիայում իշխանությունն անհիմն մեղադրում է քրդական հարցերը լուսաբանող լրագրողներին ահաբեկիչների հետ համագործակցելու մեջ, իսկ Ադրբեջանի հատուկ ծառայությունները ցանկության դեպքում հարևան Վրաստանի տարածքից անկախ ադրբեջանցի լրագրող են առևանգում, որից հետո Բաքվում դատում նրան: Հետևում է Հարլեմ Դեսիրը ևս մեկ կարևոր հարցին՝ Թուրքիայում Հրանտ Դինքի սպանության հետաքննությանը. «Վերջերս դատավճիռ եր կայացվել Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվող մի քանի մարդու նկատմամբ՝ դա շատ կարևոր քայլ էր, սակայն, դեռևս այդ սպանության մեջ ներգրավված ոչ բոլոր մարդիկ են հայտնաբերվել և դատապարտվել: Կարծում եմ, Թուրքիային շատ կարևոր է հեղաշրջման փորձից արդեն 3 տարի անց ի վերջո հասնել գիտակցությանը, որ պետք է լինի իրական հարգանք լրատվամիջոցների բազմազանության և արտահայտման իրավունքի նկատմամբ»:

Նմանատիպ նյութեր