211652_close_icon
views-count5142 դիտում article-date 17:57 31-07-2019

Ինձ առաջադրված մեղադրանքն անհիմն եմ համարում և չեմ ընդունում․ Դավիթ Գրիգորյանը հայտարարությամբ է հանդես եկել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի հայտարարությունն է տարածել՝ տեղեկացնելով, որ չի ընդունում իրեն ներկայացրած մեղադրանքը և շնորհակալություն հայտնելով այն մոտ 100 փաստաբաններին, ովքեր իր պաշտպանությունը ստանձնելու պատրաստակամություն են հայտնել։ Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանի լիազորությունները ժամանակավորապես կասեցվել էին, ինչից հետո նրան մեղադրանք էր առաջադրվել ՔՕ 314 հոդվածի առաջին մասով (պաշտոնական կեղծիք)։ Վերջերս Հատուկ քննչական ծառայությունը խուզարկություն էր իրականացրել դատավորի աշխատասենյակում, աշխատասենյակը կնքվել էր: ՀՔԾ-ից հաստատել էին, որ խուզարկությունը տեղի է ունեցել ծառայությունում քննվող գործի շրջանակում: Նրա հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Հարգելի հայրենակիցներ, ինչպես արդեն տեղեկացել եք, երեկ ինձ մեղադրանք է առաջադրվել, որը ես անհիմն եմ համարում ու չեմ ընդունում։ Ինձ առաջադրված մեղադրանքի ու հետապնդման մասին դեռ կարծում եմ առիթներ կլինեն արտահայտվել։ Այսօր սակայն ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել շուրջ 100 փաստաբաններին, ովքեր հրապարակային իրենց պատրաստակամությունն են հայտնել պաշտպանելու ինձ քրեական գործի շրջանակներում։ Հարգելի ընկերներ, ձեզնից շատերին ճանաչում եմ անձամբ մեր ընդհանուր աշխատանքի բերումով, շատերիդ չեմ ճանաչում, բայց համոզված եմ, որ բոլորդ շատ լավ գիտակցում եք, թե ինչ է իրականում կատարվում, ու ձեր քայլն ուղղված է ոչ այնքան դատավոր Դավիթ Գրիգորյանին սատարելուն, որքան մեր Հայրենիքում անկախ դատական համակարգի կայացման ճանապարհին ճնշումների ու հետապնդումների բացառմանը։ Հպարտ եմ ու զգացված այն հանգամանքից, որ արդարադատության համակարգի կարևորագույն բաղկացուցիչ մասը հանդիսացող փաստաբանության ներկայացուցիչները անտարբեր չեն մնացել զարգացումներից։ Բոլորիդ միասին ու անհատապես հայտնում են իմ խորին շնորհակալությունը։ Խնդրելու եմ իմ պաշտպաններին ձեզ պարբերաբար տեղեկացնել գործի ընթացքի մասին, հպարտությամբ կընդունեմ յուրաքանչյուրիդ ցանկացած օժանդակություն։ Հայաստանում արդարադատության կայացումն այլընտրանք չունի, ու այդ ճանապարհին միշտ կարևոր է եղել ու լինելու է փաստաբանության դերը»։ [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր