211652_close_icon
views-count2869 դիտում article-date 20:06 28-08-2019

«Նման լինելով՝ աննման է». Մանսուրյանի 80-ամյակի արծաթյա առաջին հուշանվերը մաեստրոյինն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2019 թվականը համեմված է մեծանուն հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի երաժշտությամբ: 80-րդ հոբելյանի առթիվ մեկնարկող «Մաեստոր Մանսուրյան» համերգաշարը ունկնդրին կտեղափոխի Վարպետի կինոերաժշտության, դասական ու կամերային ստեղծագործությունների ինքնատիպ աշխարհ: Երևանի Կոմիտասի թանգարան-ինստիտուտում հոբելյանական միջոցառումների ու սպասվող համերգաշարի մասին են խոսել ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: «Իրադարձությունը կարևոր է ու պարտավորեցնող»,- նկատում է քաղաքապետ Մարությանն ու շնորհակալություն հայտնում մաեստրոյին՝ նախաձեռնության կողքին կանգնած լինելու համար. «Ես երջանիկ եմ, որ կարողանում եմ ապրել նույն երկրում, նույն քաղաքում, որտեղ ապրում է Մանսուրյանը: Հազարապատիկ երջանիկ եմ, որ կարող եմ լինել իր կողքին և մաեստրոյի հետ ինչ-որ ծրագրեր ներկայացնել, խոսել ու մտքեր փոխանակել»: Հոբելյանական համերգաշարի աշխարհագրությունը մեծ է. փառատոնի շրջանակներում համերգներ տեղի կունենան Երևանում, Ստեփանակերտում և Հայաստանի մշակութային մայրաքաղաք Գյումրիում: «Ընդհանուր առմամբ այս համերգների շարքը շատ կարևոր է նաև մեր երիտասարդների համար: Վերհիշում եմ այն համերգը, որ տեղի ունեցավ Ազգային ժողովի բակում, ինչն էր հետաքրքիր, որ շատ երիտասարդություն ու մանուկներ կային, որոնք ուղղակի վայելում էին Ձեր երաժշտությունը: Ես այդտեղ հասկացա, որ մենք մեծ բացթողումներ ունենք և պետք է լրացնենք դրանք: Սա նաև սկիզբ է՝ նոր շունչ տալու որակով երաժշտությանը»,- նշում է քաղաքապետը: «Մանսուրյան-80» հոբելյանական համերգաշարը կմեկնարկի սեպտեմբերի 1-ին՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում (Արցախ): Հայկական երկրորդ հանրապետությունում այդ օրերին Երևանի օրեր են: Ստեղծագործական ու ծրագրային առումով միջոցառումները հագեցած են: Կազմակերպված համերգները կնվիրվեն Վազգեն Սարգսյանի և Տիգրան Մանսուրյանի հոբելյաններին: «Տեխնիկապես բարդ համերգ է լինելու, բավականին մեծ քանակությամբ տեխնիկա արդեն ուղարկվել է Ստեփանակերտ։ Համերգաշարը կշարունակվի Երևանում, սեպտեմբերի 4-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կհնչի Մանսուրյանի կամերային երաժշտությունը, սեպտեմբերի 5-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կհնչեն Մաեստրոյի սիմֆոնիկ ստեղծագործությունների ընտրանիները, սեպտեմբերի 6-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, սեպտեմբերի 13-ին համերգաշարի ծրագիրը կավարտվի Գյումրու «Սև բերդ» ամրոցում, կրկին կհնչի Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը»,-նշել է քաղաքապետը: Համերգաշարը կազմակերպում է Երևանի քաղաքապետարանը՝ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ «Սա հոբելյանական մեծ տարվա շարունակությունն է: Այս տարի մենք նշում ենք նաև Թումանյանի և Կոմիտասի 150-ամյակը: Պատահական չեն ընտրված քաղաքները, մենք ուզում ենք լայն ընդգրկում ունենալ, և Ստեփանակերտը, Երևանը, Գյումրին այդ խնդիրն են լուծում: Շատ շփվելով Վարպետի հետ՝ հասկացա, որ այս 80-ամյակը շատ հարաբերական է, որովհետև նա շատ երիտասարդ է, անընդհատ ստեղծագործում է, իսկ ամենակարևորը հոգու երիտասարդությունն է, որ նա ունի: Վստահ եմ, որ արդեն ամփոփելով կարձանագրենք, որ 2019թ.-ի մշակութային կյանքում այս իրադարձությունը եղել է նշանակալիներից մեկը»,- նշում է Արայիկ Հարությունյանը: Մաեստրոյի ստեղծագործությունները նոր գործիքավորմամբ ու նոր մոտեցմամբ կմատուցի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: «Ինձ համար, որպես երաժիշտ, անիրական երջանկություն է Մաեստրոյի հետ շփվել և խոսել երաժշտությունից։ Աշխարհը գիտի երկու Մանսուրյան, ում գիտի Հայաստանը և ում գիտի աշխարհը։ Տիգրան Մանսուրյանն այն կոմպոզիտորներից է, ում հետևում է աշխարհը, երաժշտական այն էլիտան, որը հետևում է, թե ինչ է ստեղծվում աշխարհում։ Հայ ունկնդիրը այս համերգաշարի ընթացքում կլսի Մանսուրյան, որը շատ չի հնչել՝ նրա կամերային և սիմֆոնիկ գործերը»,-նշում է Սերգեյ Սմբատյանը: Մաեստրոյի հոբելյանին նվիրված ծրագրի շրջանակում թողարկվել են արծաթյա հուշանվերներ։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն առաջին նմուշը հանձնեց հենց Տիգրան Մանսուրյանին: «Պարոն Մարությանի հետ հունվարի առաջին օրերին որոշեցինք իրականացնել մի այսպիսի տարի, բայց դա դրսի իրադարձություն է, ներսը՝ ես ոչ 80 եմ, ոչ էլ դրա ժամանակն ունեմ: Տա Աստված, նոր սերնդից շատերը հասնեն իմ տարիքին և ունենան այս ուշադրությունը, այս սերն իրենց նկատմամբ: Ես ինձ, ճիշտն ասեմ, տարիների ընթացքում ավելի ու ավելի ապահով զգացի և հիմա ճիշտ այդ ապահովության տարածքում եմ, լավ բարեկամների հետ: Այս հսկայական աշխատանքի տակ ուժ է դրված, եռանդ է դրված, միջոցներ, և սա արվեստի, երաժշտության նկատմամբ մեր իշխանությունների ուշադրությունն է ներկայացնում: Շնորհակալ եմ, որ այս ամեն ինչի միջով ես պիտի անցնեմ»,- ասում է մաեստրոն: Ամփոփելով ասուլիսը՝ քաղաքապետ Մարությանը նկատում է՝ փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի գլխավորությամբ համերգաշարի կազմակերպման ողջ թիմը աշխատանքից ու պարտականությունից բացի, յուրօրինակ տրամադրություն ու պատասխանատվություն է ներդնում նախագծի կյանքի կոչման հարցում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր