211652_close_icon
views-count1805 դիտում article-date 21:44 07-09-2019

Հայաստանը ներկայացրեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի իր թեկնածության առաջնայնությունները

Սեպտեմբերի 6-ին Հայաստանը մասնակցեց Amnesty International և International Service for Human Rights ոչ կառավարական կազմակերպությունների կողմից ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի թեկնածու երկրների համար կազմակերպված հանդիպմանը, որին մասնակցում էին ինչպես ՄԱԿ-ի անդամ պետությունները, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։ Միջոցառմանը ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ներկայացրեց Մարդու իրավունքների խորհրդում 2020-2022 ժամանակահատվածի համար Հայաստանի առաջնայնությունները և հանձնառությունները՝ ընդգծելով, որ Հայաստանի ձգտումն առաջին անգամ ընտրվելու Մարդու իրավունքների խորհրդում հիմնված է մարդու իրավունքների համընդհանրության և փոխկապվածության տեսլականի ու ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտներում Հայաստանի նշանակալի առաջընթացի վրա։ ՀՀ մշտական ներկայացուցիչը նշեց, որ Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի կառավարությունը մշակել է բարեփոխումների հավակնոտ և համապարփակ ծրագիր, որը միտված է ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման ու մարդու իրավունքների պաշտպանության գործընթացն անշրջելի դարձնելուն։ Հայաստանի առաջնայնությունների թվում Մհեր Մարգարյանը շեշտեց ցեղասպանության և զանգվածային ոճրագործությունների կանխարգելումը՝ ներկայացնելով այդ ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացված քայլերը ՄԱԿ-ում, այդ թվում՝ Մարդու իրավունքների խորհրդում։ Կարևորելով քաղաքացիական հասարակության դերը բարեփոխումների իրականացման գործում՝ ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծեց հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության անհրաժեշտությունը։ Հանդիպման ընթացքում Մհեր Մարգարյանը պատասխանեց ՄԱԿ-ի անդամ պետությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հարցերին։

Նմանատիպ նյութեր