211652_close_icon
views-count3445 դիտում article-date 14:25 16-09-2019

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց գրպանահատության համար պատիժը խստացնող օրինագիծը

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է նաև գրպանահատությունը մասնավոր մեղադրանքից հանրային մեղադրանքի տիրույթ տեղափոխելու օրենքի նախագծին: «[url=https://armenpress.am/arm/news/988168.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` ԱԺ սեպտեմբերի 13-ի նիստում օրենքի նախագիծը ներկայացրել էր ՀՀ արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը: «Սա այն նախագիծն է, որն առաջարկում է գրպանահատության համար պատասխանատվությունը նախատեսել Քրեական օրենսգրքի 177 հոդվածում որպես ինքնուրույն մաս, դրանով գրպանահատության դեպքերը մասնավոր մեղադրանքի տիրույթից տեղափոխել դեպի հանրային մեղադրանք: Նախագծով ևս մեկ կարևոր հարց ենք լուծում, «գողություն» հասկացությունը ձևակերպում ենք այնպես, որպեսզի զգալի չափը պարտադիր հատկանիշ չլինի՝ արարքը գողություն որակելու համար»,- ասաց Վարդապետյանը: Ներկայում Քրեական օրենսգրքում ձևակերպումն այնպիսին է, որ գողությունն ուրիշի գույքի գաղտնի հափշտակությունն է զգալի չափերով: Փոխնախարարը նշեց, որ արարքը չի կարող որակվել ծանրացնող հանգամանքներում կատարված, օրինակ, բնակարան մուտք գործելով կատարված, եթե արարքում առկա չեն հասարակ հանցակազմի հատկանիշները: «Եվ պրակտիկայում բազմաթիվ են դեպքերը, երբ անձը մուտք է գործում բնակարան և իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողանում հափշտակել զգալի չափի գումար՝ 30 հազար դրամի հասնող գումար, ապա արարքը չի կարող որակվել որպես ծանրացնող հանգամանքներում կատարված գողություն: Մեր կողմից առաջարկվող նախագիծն այս խնդիրը լուծում է»,-ասաց փոխնախարարը: Նախագծով առաջարկվում է օրենսգիրքը լրացնել նոր բովանդակությամբ՝ գողություն է համարվում ուրիշի գույքի գաղտնի հափշտակությունը: Առաջարկում են լրացնել նաև՝անձի մոտ գտնվող իրերի գողությունը, ինչպես նաև գողությունը, որը կատարվել է անձի մոտ գտնվող կամ նրա կողմից կրվող հագուստից, այդ թվում գրպանից, պայուսակից կամ անձի մոտ գտնվող այլ առարկայից: Նախագծի ընդունման պարագայում կբարձրանա գողության տարբեր տարատեսակների դեմ պայքարի արդյունավետությունը, դրանց համար նշանակվող պատիժները կլինեն համարժեք, ինչպես նաև կվերանա ստեղծված անպատժելիության մթնոլորտը:

Նմանատիպ նյութեր