77262 դիտում
21:07 18-09-2019
Խոշոր հրդեհ Արմավիրի մարզի Հայթաղ գյուղում. երիտասարդները, մինչև հրշեջների ժամանումը, պայքարել են մի քանի տների տանիքներում առաջացած կրակի դեմ. գյուղացիները հուսով են, որ մարզպետարանը օգնության ձեռք կմեկնի տուժածներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հայթաղ գյուղի Մենուա փողոցում տան տանիքներ են այրվում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին ԱԻՆ ՓԾ Վաղարշապատի, հետո արդեն՝ Արմավիրի և Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից, գյուղացիները, հիմնականում, ավագ սերնդի տղամարդիկ ու երիտասարդ տղաները, վտանգելով իրենց կյանքը, պայքարել են կրակի տարածման դեմ։
Ժամանած հրշեջներն արդեն քաղաքացիների օգնությամբ շարունակել են նախ պայքարել կրակի տարածման դեմ, որից հետո մարել են մի քանի տներում առաջացած կրակը։
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը։ Առաջին իսկ պահից տեղում է եղել նաև Հայթաղ գյուղի գյուղապետը, ով դեպքի մասին տեղեկացրել է Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանին, վերջինս էլ հանձնարարել է, որպեսզի ուսումնասիրեն խնդիրը. նախ՝ պարզեն, թե ինչից է առաջացել կրակը, ապա հնարավորության սահմաններում օգնեն տուժածներին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժածներն են նշված փողոցի թիվ 29. 31 և 33 տների սեփականատերեր Եղիշե Խաչատրյանը, Պատվական Սիրեկանյանը և Մարատ Ղամբարյանը։ Ամբողջությամբ այրվել է թիվ 29 և 31 տների տանիքները, մասամբ էլ՝ թիվ 33 տան տանիքը։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին, որ հույս ունեն, որ մարզպետարանը կդիմի կառավարությանը, որպեսզի կառավարությունը իրենց օգնի շիֆեռով և փայտե գերաններով. «Եթե իրենք այդ հարցով օգնեն, մենք գյուղացիներով մեր ուժերով տանիքները կվերանորոգենք»։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ օպերատիվորեն ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության և «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներկայացուցիչները, նշված փողոցում էլեկտրականությունն ու գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 177+
177+