211652_close_icon
views-count1849 դիտում article-date 15:35 20-09-2019

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը սկսում է իր 14-րդ համերգաշրջանը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը սկսում է իր 14-րդ համերգաշրջանը՝ «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնով։ Համերգաշրջանը հագեցած է լինելու հետաքրքիր համերգային ելույթներով ու ծրագրերով, մեծահամբավ մենակատարների ելույթներով ու հյուրախաղերով։ Համերգաշրջանի ընթացքում Հայաստանում առաջին անգամ սիմֆոնիկ նվագախումբը կանցկացնի մեգանախագիծ՝ «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը՝ համախմբելով աշխարհի լավագույն կոմպոզիտորներին և ներկայացնելով նրանց երաժշտությունը։ Երևան կժամանեն Քշիշտոֆ Պենդերեցկին, Ցիգան Չենը, Գիա Կանչելին, Ալեքսեյ Շորը, Գեորգս Պելեցիսը, Կառլ Ջենկինսը, Ալեքսանդր Չայկովսկին, կոմպոզիտորներ, որոնք արարում են ժամանակակից դասական երաժշտությունը։ Համերգաշրջանի ընթացքում նվագախումբը կանցկացնի Խաչատրյանի միջազգային փառատոնը, որի հատուկ հյուրը կլինի համաշխարհային ճանաչում ունեցող ջութակահար Մաքսիմ Վենգերովը։ Իսկ ահա 2020 թվականի սկզբին նվագախումբը Մաքսիմ Վենգերովի հետ կմեկնի եվրոպական համերգային շրջագայության, որի ընթացքում ամենահեղինակավոր համերգային դահլիճներում կներկայացվեն հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Սակայն դրանք համերգաշրջանի միակ հյուրախաղերը չեն. սիմֆոնիկ նվագախումբը ելույթներ կունենա նաև Իտալիայում, Օմանում և սկանդինավյան երկրներում։ 2020 թվականին անցկացվելիք Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը նվիրված է լինելու հայ դասական Ալեքսանդր Հարությունյանին։ Ջութակահար Մաքսիմ Վենգերովը նվագախմբի 14-րդ համերգաշրջանի ռեզիդենտ արտիստն է։ Համերգաշրջանի ընթացքում նվագախումբը հանդես կգա մեր ժամանակների ամենահայտնի մենակատարների հետ՝ Բորիս Բերեզովսկի, Մարիո Բրունելլո, Գիդոն Կրեմեր, Նարեկ Հախնազարյան, Լուսինե Խաչատրյան, Սվետլանա Նավասարդյան, Գևորգ Հակոբյան, Յուրի Բաշմետ, Ջոնաթան Սվենսեն և այլք։ Սեպտեմբերի 22-26-ը Երևանում կանցկացվի «Արմենիա» 3-րդ միջազգային երաժշտական փառատոնը, որը կհյուրընկալի հեղինակավոր մենակատարների և դիրիժորների աշխարհի տարբեր երկրներից: Ամենամյա փառատոնը հանդիսատեսին է ներկայացնում դասականների երաժշտական ժառանգության, ինչպես նաև ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Հինգ օր անընդմեջ դասական երաժշտության սիրահարները կարող են ունկնդրել Չայկովսկու, Պրոկոֆևի, Ռոսսինիի, Մենդելսոնի, Շոպենի, Շչեդրինի, Շորի, Կոկժաևի, Դվորժակի և այլ կոմպոզիտորների գործեր։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգան Եղիսաբեթ թագուհու մրցույթի հաղթող, ջութակահար Անդրեյ Բարանովը, Չայկովսկու անվան միջազգային մրցույթի մրցանակակիր, թավջութակահար Ջոնաթան Ռուզմանը, Շոպենի միջազգային մրցույթի դափնեկիր, դաշնակահար Ինգոլֆ Վունդերը, ջութակահար Դանիել Լոզակովիչը, Մոնրեալի ու այլ մրցույթների դափնեկիր, դաշնակահար Նարե Արղամանյանը։ Փառատոնի շրջանակներում հանդես կգան նաև աշխարհահռչակ արտիստներ՝ բազմաթիվ մրցույթների դափնեկիր, օպերային դիվա Աննա Կասյանը և Ռուսաստանի ժողովրդական արտիստ, Չայկովսկու անվան միջազգային մրցույթի դափնեկիր, դաշնակահար Նիկոլայ Լուգանսկին։ Սեպտեմբերի 23-ին կայանալիք համերգը, որի ընթացքում հանդես կգա օպերային երգչուհի Աննա Կասյանը՝ ներկայացնելով արիաներ հայտնի օպերաներից, նվիրված է Հայաստանի անկախության 28-րդ տարեդարձին։ Համերգները կղեկավարեն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սբատյանը, մեծ ճանաչում վայելող հրավիրյալ դիրիժորներ Կոնրադ վան Ալֆենը և Ֆելիքս Կորոբովը։ Փառատոնային երեկոները կայանալու են Արամ Խաչատրյան համերգասրահում և Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ուրախությամբ տեղեկացնում է «Տաշիր» ընկերությունների խմբի հետ համագործակցության մեկնարկի մասին, որը 14-րդ համերգաշրջանում հանդիսանում է նվագախմբի գլխավոր հովանավորը։ Տեղեկանք «Տաշիրը» դաշնային մասշտաբի ընկերությունների բազմաֆունկցիոնալ խումբ է։ Այն հիմնադրվել է 1999 թվականին և համախմբում է ռուսական տնտեսության տարբեր ոլորտների ավելի քան 200 ընկերություններ, այդ թվում՝ շինարարական, արտադրության, ֆինանսական և էներգետիկ բնագավառներում, անշարժ գույքի, մանրածախ առևտրի և զվարճանքի ոլորտներում։ Աշխատակիցների ընդհանուր թիվը գերազանցում է 45 հազարը։ Գործունեության աշխարհագրությունն ընդգրկում է Ռուսաստանի 51 քաղաքներ, ինչպես նաև՝ հարևան երկրները։ Ընկերության հիմնադիրն ու նախագահը Սամվել Կարապետյանն է։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Մոսկվայում։ Ընկերությունների խմբի գործունեության հիմքում անշարժ գույքն ու կոմերցիոն գույքի կառավարումն են։ «Տաշիրը» ռուսական անշարժ գույքի շուկայի առաջատարն է, կոմերցիոն և բնակարանային շինարարության բնագավառում ժամանակակից բարձրտեխնոլոգիական օբյեկտների ստեղծողն է, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 2.5 միլիոն քմ։

Նմանատիպ նյութեր