Իտալիա. «Ռոման» հրաշքով վերջին վայրկյաններին հաղթանակ տարավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իտալական առաջնության 4-րդ տուրում «Ռոման» բառացիորեն հաղթանակ կորզեց «Բոլոնիայի» հետ արտագնա խաղում՝ 2։1 հաշվով:
Առաջին խաղակեսն անցավ ձանձրալի տեմպով, և հիմնական իրադարձությունները տեղի ունեցան ընդմիջումից հետո:
Նախ, հանդիպման հաշիվը 49-րդ րոպեին տուգանային հրաշալի հարվածով բացեց «Ռոմայի» սերբ պաշտպան Ալեքսանդր Կոլարովը:
Րոպեներ հետո «Բոլոնյան» 11 մետրանոց հարվածի իրավունք ստացավ և Սանսոնը գրավեց «Ռոմայի» դարպասը:
85-րդ րոպեին «Ռոման» մնաց 10 հոգով՝ երկրորդ դեղին քարտը ստանալուց հետո Ջանլուկա Մանչինին հեռացվեց խաղադաշտից:
Թվում էր, խաղը կավարտվի ոչ-ոքի, սակայն ավելացված ժամանակի վերջին վայրկյանին Պելեգրինիի գերազանց փոխանցումից հետո Էդին Ջեկոն գլխի հարվածով գրավեց «Բոլոնիայի» դարպասը և հաղթանակ բերեց «Ռոմային»՝ 2:1:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 86-րդ րոպեին:
Այս հաղթանակից հետո «Ռոման» վաստակեց 8 միավոր և բարձրացավ 4-րդ հորիզոնական՝ առայժմ պարտություն չունենալով: