1539 դիտում
22:54 25-09-2019
Մեր երազանքն է Հայաստանը դարձնել աշխարհում արհեստական բանականության լավագույն վայրերից մեկը․ նախագահ Սարգսյանը Հռոմում հանդիպել է հանրահայտ Elettronica Group ընկերության ղեկավարի հետ
Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հռոմում այցելել է իտալական հանրահայտ Elettronica Group ընկերության գրասենյակ և հանդիպել գլխավոր գործադիր տնօրեն և նախագահ Էնզո Բենինիի հետ:
Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանը բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջատար երկրներից է, և Հայաստանի հետ սերտ համագործակցությունը մեծամասամբ լինելու է մաթեմատիկայի, արհեստական բանականության ոլորտում։ «Մեր երազանքն է Հայաստանը դարձնել աշխարհում արհեստական բանականության լավագույն վայրերից մեկը»,- ասել է Հանրապետության նախագահը։
Ողջունելով Հայաստանի նախագահին՝ Elettronica Group -ի գլխավոր գործադիր տնօրենը հույս է հայտնել, որ բարեկամությունն ու համագործակցությունը տեխնիկական մշակույթի, նոր տեխնոլոգիական գաղափարների, կիբերտեխնոլոգիաների ոլորտներում կշարունակվի։ «Տեղյակ եմ, որ Ձեր երկիրը պատրաստակամ է ներդրումներ անելու հետազոտությունների ոլորտում, իսկ հետազոտությունները բոլոր երկրների ապագան են»,- ասել է Էնզո Բենինին՝ հայտնելով, որ մի քանի անգամ եղել է Հայաստանում և ցանկանում է նորից այցելել։ «Որպես արդյունաբերող ընկերություն՝ մենք ցանկանում ենք տեսնել, թե ինչպիսի համագործակցության ծրագրեր կարող ենք ունենալ ապագայում։ Վստահ եմ, որ Ձեր շնորհիվ երկրում շատ բաներ կփոխվեն»,- դիմելով նախագահ Սարգսյանին՝ ասել է նա։
Գործադիր տնօրենի ներկայացմամբ՝ Elettronica ընկերությունը մասնավոր ընկերություն է, որը Բենինիների ընտանիքը հիմնել է 70 տարի առաջ։ Ընկերությունում աշխատում է շուրջ հազար մարդ Իտալիայից և Գերմանիայից։ Մեծ թվով ռեսուրսներ են օգտագործվում հետազոտություններ ու զարգացման ծրագրեր իրականացնելու համար։ «Մենք ուսումնասիրում ենք Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունները, մասնավորապես, առաջարկելու մեր ներկայությունը Հայաստանում այնպիսի կարևոր ոլորտում, ինչպիսին պաշտպանությունն է»,- նշել է Էնզո Բենինին։
Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանի ներուժը հասկանալու համար իտալական ընկերությունը, ինչպես մյուս խոշոր ընկերությունները, պետք է այցելի մեր երկիր։ «Մեր ներուժը գիտնականներն են, ինչպես նաև մեր երիտասարդ սերունդը, -նշել է նախագահ Սարգսյանը։-
Կարևոր է նաև հստակ գիտակցել կրթական համակարգի կարևորությունը։ Բոլոր այս խոշոր ընկերությունները, որոնք գալիս են Հայաստան, գալիս են ապագայի , այլ ոչ թե վաղվա համար։ Ես ցանկանում եմ, որ Հայաստանը հարաբերություններ ունենա աշխարհի լավագույնների հետ։ Եթե մենք ուզում ենք, որ նոր սերնդի արհեստական բանականությունը ստեղծվի Հայաստանում, պետք է աշխատենք լավագույնների հետ։ Այս ամենը պահանջում է ժամանակ, համբերություն և տքնաջան աշխատանք»։
Զրուցակիցները հույս են հայտնել, որ կծավալվի արդյունավետ համագործակցություն, որը կբխի բոլոր կողմերի շահերից։
Նմանատիպ նյութեր
2777 դիտում
12:01 14-10-2021
Իմ երազանքն է Հայաստանը դարձնել աշխարհում արհեստական բանականության լավագույն վայրերից մեկը. ՀՀ նախագահ
Այս բաժնից
625 դիտում
22:03 20-12-2024
Հայ-ռուսական երկոսությունը հումանիտար ուղղությամբ զարգանում է հաջողությամբ. Մհեր Գրիգորյան
916 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
661 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով