211652_close_icon
views-count1701 դիտում article-date 18:20 26-09-2019

ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառումների շրջանակում տեղի է ունեցել ԵՊՀ գիտխորհրդի հանդիսավոր նիստ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ԵՊՀ հիմնադրման հարյուրամյակին նվիրված պաշտոնական միջոցառումների շրջանակում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ գիտխորհրդի հանդիսավոր նիստը, որի ժամանակ հրապարակվել է ակադեմիական ազատության մասին հռչակագիրը, և իրականացվել պարգևատրման հանդիսավոր արարողություն: ԵՊՀ գիտական խորհրդի հանդիսավոր նիստին մասնակցում էին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ԵՊՀ ղեկավարությունը, տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, ֆակուլտետների դեկաններ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ և հյուրեր: Նիստի սկզբում ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը նշեց, որ բացի ժամանած հյուրերի շնորհավորանքներից և մաղթանքներից, ԵՊՀ-ն 100-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է ստացել գործընկեր այլ բուհերից, որոնց ներկայացուցիչները չեն կարողացել մասնակցել պաշտոնական միջոցառումներին: ԵՊՀ գիտական քարտուղար Լևոն Հովսեփյանն ընթերցեց ակադեմիական ազատության մասին հռչակագիրը, որը այն հիմնարար սկզբունքների և արժեքների արտացոլումն է, որոնց վրա խարսխված է համալսարանների գործունեությունը: ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, շնորհավորելով բոլորին, ասաց, որ մարդկության զարգացման պատմությունը նախևառաջ կրթության զարգացման պատմությունն է, քանի որ կրթությունն է յուրաքանչյուր առաջընթացի կարևորագույն նախադրյալը և նախապայմանը: «Այդ մասին քաջ գիտակցել են մեր նախահայրերը, որի լավագույն ապացույցը դժվարին պայմաններում Հայաստանում համալսարանների հիմնադրումն է եղել: Այդպես էր նաև 1919 թվականին, երբ բարդագույն աշխարհաքաղաքական, պատերազմի, սովի և համաճարակի պայմաններում նախարարների խորհուրդը որոշում կայացրեց հիմնել պետական համալսարան, ինչը Հայաստանի առաջին հանրապետության ամենաշրջադարձային և կարևոր էջերից մեկն էր»,- ասաց Արարատ Միրզոյանը: Նա փաստեց, որ 100 տարիների ընթացքում համալսարանը եղել է ոչ միայն երկրի գիտակրթական, այլև հասարակական-քաղաքական մտքի կենտրոնը: Արարատ Միրզոյանը ԵՊՀ 100-ամյակի կապակցությամբ համալսարանի մի շարք աշխատակիցների հանձնեց պետական պարգևներ և կոչումներ՝ գիտության և կրթության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար: Նախագահի հրամանագրով ԵՊՀ ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի անվան հայ գրականության պատմության ամբիոնի պրոֆեսոր, բան. գիտ. դոկտոր Վազգեն Սաֆարյանը պարգևատրվեց «Մովսես Խորենացի» մեդալով, Հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի պատվավոր վարիչ, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Յուրի Մովսիսյանն ու Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի ղեկավար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սամվել Շուքուրյանը՝ «Անանիա Շիրակացի» մեդալներով: ԵՊՀ սոցիալական փիլիսոփայության, բարոյագիտության և գեղագիտության ամբիոնի վարիչ, փիլ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Հարությունյանին, Քիմիայի ֆակուլտետի դեկան, քիմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Տարիել Ղոչիկյանին և Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, կենսաբ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արմեն Թռչունյանին շնորհվեց ՀՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում: ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, շնորհավորելով բոլորին ԵՊՀ 100-ամյակի կապակցությամբ, ասաց, որ հարյուրամյա պատմության ընթացքում համալսարանը դժվարին ուղի է անցել՝ դիմակայելով մարտահրավերների և փորձությունների, և մշտապես հաղթահարել է՝ շնորհիվ համալսարանին հատուկ այն միջավայրի, որը, ըստ նրա, այսօր էլ շարունակում է գոյություն ունենալ Մայր բուհում: Նրա փոխանցմամբ, համալսարանների համընդհանուր հռչակագրի հիմնարար սկզբունքներից մեկը համալսարանական կյանքի գիտահետազոտական աշխատանքներում և դասավանդման ընթացքում ազատության պահպանումն է: «Կառավարությունները և համալսարանները պետք է ապահովեն հարգանքն այդ հիմնարար պահանջի նկատմամբ՝ մերժելով անհանդուրժողականությունը: Համալսարանները պետք է պատրաստ լինեն բաց երկխոսության»,- ասաց Արայիկ Հարությունյանը և հույս հայտնեց, որ «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նոր նախագծի քննարկմանը համալսարանականներն ակտիվ դերակատարություն կունենան, քանի որ ԵՊՀ-ն բարձրագույն կրթության ոլորտում հիմնական լոկոմոտիվն է: ԵՊՀ 100-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ նախագահ, ԵՊՀ ռադիոֆիզիկայի ամբիոնի վարիչ և բուհի նախկին ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը, որը հոբելյանի կապակցությամբ ԵՊՀ-ին նվիրեց ամենահին գտածոներից մեկի՝ 5 հազար տարվա կոշիկի կրկնօրինակը: Հայաստանյան մյուս բոլոր բուհերի անունից ԵՊՀ գիտխորհրդի հանդիսավոր նիստին շնորհավորական ելույթով հանդես եկավ նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը, որն էլ ԵՊՀ-ին շնորհեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ոսկե մեդալ: ԵՊՀ-ին հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ շնորհավորեց նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պրոռեկտորը, որը հայտնի նկարիչ Թաթոսի հետ միասին համալսարանին նվիրեց նկարչի աշխատանքներից մեկը: Գիտխորհրդի հանդիսավոր նիստի ավարտին համալսարանականներին շնորհվեցին ԵՊՀ ոսկե մեդալներ: Մրցանակակիրները ներկայացված են այստեղ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր