211652_close_icon
views-count2098 դիտում article-date 16:13 04-10-2019

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այցելել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքեր. ԱԱԾ

Հոկտեմբերի 3-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում տեղի ունեցավ ԱՄՆ կառավարության կողմից ԱԱԾ ՍԶ-ին տրամադրված սահմանային անվտանգության ապահովման տեխնիկայի նվիրատվության հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Արամ Հակոբյանը և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին: Այս մասին հոկտեմբերի 4-ին հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը: ԱԱԾ ղեկավարության և իր անունից ողջունելով հյուրերին ու շնորհակալություն հայտնելով ԱՄՆ կառավարությանը տրամադրված օգնության համար՝ Ա. Հակոբյանն ընդգծեց ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև «Զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի կարևորությունը՝ նշելով, որ դրա հիմնական առաքելությունն է հակազդել զանգվածային ոչնչացման զենքի, ինչպես նաև դրա հետ անմիջականորեն կապված տեխնոլոգիաների, նյութերի, գիտելիքների ու փորձի տարածմանը։ «Համաձայնագրի շրջանակներում ՀՀ ԱԱԾ ՍԶ-ին ԱՄՆ կառավարության կողմից անհատույց տրամադրված այս մեծածավալ տեխնիկական օժանդակությունը՝ սարքավորումների, պարագաների, նյութերի, տեխնոլոգիայի, մասնագիտական վերապատրաստման ու ծառայությունների տեսքով, հաստատապես նպաստելու է Հայաստանի և սահմանակից պետությունների սահմանային անվտանգության ապահովմանը: Համոզված ենք, որ նյութատեխնիկական աջակցությունը կլինի շարունակական և կնպաստի Հայաստանի սահմանային անվտանգության ապահովման որակական չափանիշների բարձրացմանը»,- ասաց Ա. Հակոբյանը։ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Վ. Սարգսյանը շեշտեց, որ երկու երկրների միջև հարաբերությունների պահպանման և ամրապնդման ուղղությամբ ԱՄՆ գործադրած ջանքերը մեծապես գնահատելի են, քանի որ Հայաստանի սահմանների պաշտպանությունն իրենց պատասխանատու աշխատանքի հիմնաքարն է։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԱՄՆ դեսպան Լ. Թրեյսին իր ելույթում ասաց. «Հպարտ եմ, որ երկու երկրների ամուր բարեկամության շնորհիվ բարելավվել է հայ ժողովրդի անվտանգությունը և բարօրությունը: Արձագանքման արդյունավետ տարածաշրջանային կարողությունների ձևավորման ուղղությամբ մեր՝ տարեցտարի զարգացող համագործակցությունը թույլ է տվել արձագանքել Հայաստանի և աշխարհի առաջ ծառացած մարտահրավերներին»: Տրամադրված նյութատեխնիկական աջակցությունը ներառում է շարժական լաբորատորիաներ, տեսադիտարկման օպտիկական միջոցներ, ազդանշանային սարքեր, կապի համակարգ, անգլերենի ուսուցման տեխնիկապես գերհագեցած լսարան, քառագնացներ և այլ տեխնիկական միջոցներ: Դրանք անմիջականորեն նպաստելու են զանգվածային ոչնչացման զենքի և դրան հարակից նյութերի տարածման կանխմանը, միջազգային ահաբեկչության, մաքսանենգության, հանցավորության դեմ պայքարին և ապօրինի միգրացիոն հոսքերի կառավարմանը:

Նմանատիպ նյութեր