211652_close_icon
views-count1733 դիտում article-date 23:18 07-10-2019

Դուք այն բացառիկ քաղաքական գործիչներից եք, որն ապագայի նկատմամբ տեսլական ունի. Կլաուս Շվաբը բարձր է գնահատել նախագահ Արմեն Սարգսյանի գործունեությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ժնևում` Համաշխարհային տնտեսական ֆորումի (World Economic Forum) կենտրոնակայանում, հանդիպում է ունեցել ֆորումի հիմնադիր, պրոֆեսոր Կլաուս Շվաբի հետ: Համաշխարհային տնտեսական ֆորումն առավել հայտնի է որպես Դավոսի ամենամյա ֆորում, որն ամեն տարի համախմբում է աշխարհի քաղաքական ու տնտեսական առաջնորդներին, գործարար հանրության, միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներին ու հեղինակավոր փորձագետներին` քննարկելու և լուծումներ առաջարկելու ժամանակակից աշխարհի գլոբալ խնդիրների ու մարտահրավերների վերաբերյալ: Ողջունելով Հայաստանի նախագահի այցը ֆորումի կենտրոնակայան՝ Կլաուս Շվաբը մասնավորապես նշել է․ «Մշտապես հիացել եմ Ձեր ինտելեկտով և տեսլականով: Կարծում եմ՝ Դուք այն բացառիկ քաղաքական գործիչներից եք, որն ապագայի նկատմամբ տեսլական ունի, ինչը Դուք նաև ի ցույց եք դրել Ձեր երկար տարիների գործունեության մեջ ու հրապարակումներում»։ Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ հաճույքով է հիշում Համաշխարհային տնտեսական ֆորումում իր գործունեությունը, որը նաև լավ փորձառություն էր իր համար։ Նա նշել է, որ հենց պրոֆեսոր Կլաուս Շվաբի տեսլականի շնորհիվ է Համաշխարհային տնտեսական ֆորումն իրականություն դարձել։ «Կարծում եմ՝ աշխարհն առանց Համաշխարհային տնտեսական ֆորումի այլ կլիներ: Ֆորումն առաջ գնալու շատ ուղիներ է ձևավորել: Նոր աշխարհում ամեն բան շատ արագ է տեղի ունենում: Երբեմն ես ա՛յդ աշխարհում եմ՝ նոր, քվանտային աշխարհում: Այս աշխարհում մենք Ձեզ պես քվանտային մտածողների կարիքն ունենք»,-ասել է Արմեն Սարգսյանը՝ ավելացնելով, որ որպես Հայաստանի նախագահ` ակնկալում է առաջիկա տարիներին ևս աշխատել Համաշխարհային տնտեսական ֆորումի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության, մասնավորապես համատեղ ծրագրերի իրականացման հնարավոր այն ուղղությունների շուրջ, որտեղ Համաշխարհային տնտեսական ֆորումը կարող է իր ներդրումն ունենալ։ Որպես գործակցության մեծ ներուժ ունեցող ոլորտներ նախագահ Սարգսյանը մասնավորապես առանձնացրել է բարձր տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը, մաթեմատիկական մոդելավորումը։ Նշվել է, որ ֆորումն իր ծրագրերի շրջանակում հետաքրքիր գործընկեր կարող է լինել նախագահական նոր նախաձեռնություններից մեկի՝ Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ATOM (Advanced Tomorrow) ծրագրի համար, որն ունենալու է մի քանի բաղադրիչ: Նախատեսվում է, որ այս նախաձեռնությունը ներառելու է գիտության ու տեխնոլոգիաների քաղաք, որտեղ ներկայացված կլինեն միջազգային խոշոր կազմակերպություններ, գիտահետազոտական կենտրոններ և համալսարաններ, ստեղծվելու է նաև «Վաղվա թանգարան»՝ ապագայի թանգարան։ Գաղափարը համարվել է հետաքրքիր և նշվել, որ այդ ուղղությամբ համագործակցության մեծ հնարավորություն կա։ Կլաուս Շվաբն ասել է, որ հետաքրքրված են նաև գլոբալ աշխարհի զարգացման վերաբերյալ նախագահ Արմեն Սարգսյանի տեսլականով և ուրախ կլինեն լսել նրա տեսակետները քվանտային քաղաքականության, ժամանակակից աշխարհի զարգացման ուղղությունների ու միտումների վերաբերյալ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր