211652_close_icon
views-count1057 դիտում article-date 21:08 15-10-2019

Սովորե՛ք ամեն օր, եղե՛ք ակտիվ և լսե՛ք ինքներդ ձեզ. Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ՀԲԸՄ «Կորիզ» ծրագրի մասնակիցներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայկական բարեգործական ընդհանուր միության «Կորիզ» ծրագրի մասնակից երիտասարդներին, որոնք Հայաստան են ժամանել տարբեր երկրներից: Հարցուպատասխանի ձևաչափով նախագահը զրուցել է երիտասարդների հետ, պատասխանել նրանց հարցերին, որոնք մասնավորապես վերաբերել են Հայաստանի և հայ ժողովրդի զարգացման ապագային և հեռանկարներին, առկա մարտահրավերներին, Սփյուռքի դերին, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հնարավորություններին: «Մենք ունենք հիանալի աշխարհագրական դիրք, որը եղել է հնագույն քաղաքակրթությունների խաչմերուկում: Այն եղել է մեր հաջողության և, միաժամանակ, նաև ողբերգությունների ու հաղթանակների աղբյուրը,- ասել է նախագահը:- Մենք կորցրել ենք շուրջ 1.5 մլն բնակչություն այն պատճառով, որ այստեղ ենք եղել, սակայն, մյուս կողմից, խաչմերուկին գտնվելով՝ զարգացրել ենք ֆենոմենալ մի կարողություն, որն անհրաժեշտ է այսօր: Մենք վերապրողների ազգ ենք: Ձեզնից յուրաքանչյուրն այս որակն ունի իր ԴՆԹ-ում, և սա մի հատկանիշ է, որը կօգնի ձեզ լինել հաջողակ 21-րդ դարում: Սա լինելու է մի դարաշրջան, որն այնքան անկանխատեսելի է. ամեն բան շատ արագ է փոխվելու, և անհրաժեշտ է արագ հարմարվել փոփոխություններին թե՛ որպես անհատ, թե՛ որպես ընկերություն, ինստիտուտ կամ անգամ երկիր»: Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը ներկայացնելիս երբեմն մտածում է, թե ստարտափի նախագահ է: «Հայաստանը մի մեծ ստարտափ է, որն ունի շատ հարուստ և հազարավոր տարիների պատմություն, բայց այսօր գաղափարների, ձեռնարկների, մեծ հնարավորությունների երիտասարդ ստարտափ է,-ասել է Արմեն Սարգսյանը:- 21-րդ դարն այն ժամանակն է, երբ կարող ենք լինել հաջողակ եւ դրա համար պետք է շատ աշխատենք»: Դիմելով երիտասարդներին՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Դուք պետք է պատրաստ լինեք դինամիկ փոփոխություններին, անկայունությանը եւ դժվարություններին: Փոփոխվող աշխարհում մարտահրավերներն ավելանում են, բայց մի՛ վախեցեք դրանցից, պարզապես ընդունե՛ք դրանք, եղե՛ք իրատես, համարձակ և ստեղծագործ: Սովորե՛ք ամեն օր, եղե՛ք ակտիվ և լսե՛ք ինքներդ ձեզ»: «Կորիզ»-ը ՀԲԸՄ Եվրոպայի նախաձեռնությունն է, որի նպատակն է միավորել տարբեր երկրներում ապրող հայ երիտասարդներին, ստեղծել ապագա հայ առաջնորդների համաշխարհային ամուր ցանց, կրթել ու խորհուրդներով աջակցել նրանց և օգնել ներգրավվել Հայաստանում ու Եվրոպայում իրականացվող տարբեր ծրագրերում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր