2658 դիտում
17:16 11-07-2019
Ձեզ ոչ միայն զգացեք ձեր տանը, այլև՝ մեր ազգի, մեր երկրի մի մասնիկը. նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ՀԲԸՄ ծրագրերով Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր հյուրընկալվել են Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ)՝ Երևանի ամառային մասնագիտական փորձառության և «Երաժշտական Հայաստան» ծրագրերով Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդները: Նրանք հանդիպել են Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Ջերմ զրույցի ընթացքում նախագահ Սարգսյանը պատասխանել է երիտասարդների հարցերին, որոնք մասնավորապես վերաբերել են Հայաստանի զարգացման տեսլականին, հայրենիքի հետ կապին, նախագահի անձնական փորձառությանը և այլն:
«Մենք պետք է զարգացման տեսլական ունենանք՝ ուր ենք գնում, ինչ ուղղությամբ պետք է զարգանանք,- ասել է նախագահը:- Որպեսզի հասկանանք, թե ինչպիսի երկիր ենք ուզում ունենալ 30 կամ 50 տարի հետո, մենք պետք է վերլուծենք, թե աշխարհը 30 կամ 50 տարի հետո որտեղ է լինելու: Մեր երկրի զարգացումը պետք է լինի այդ համատեքստում: Ուստի մեր առաջին քայլը պետք է լինի վերլուծել, հասկանալ, թե աշխարհը որ ուղղությամբ է առաջ ընթանալու, երկրորդը՝ որտեղ ենք մենք ուզում լինել այդ զարգացման համատեքստում, հաշվարկել, թե ինչ պետք է անել մեզ համար ցանկալի տեղում հայտնվելու համար: Սա կոչվում է տեսլական, բայց մինչև տեսլականը մենք պետք է վերլուծենք, մենք պետք է ունենանք նպատակ,- ասել է նախագահը: - Տեսլական ունենալը բավարար չէ, այն կարող է ընդամենը երազանք մնալ, եթե չունենանք ռազմավարություն, չունենանք դրանից բխող գործողությունների ծրագիր, որի իրականացումը մեզ կմոտեցնի մեր տեսլականին»:
Ընդհանուր տեսլական ունենալու համար Արմեն Սարգսյանը կարևոր է համարել երկխոսությունը. «Մեզնից յուրաքանչյուրն ունի տեսլականի մասին իր պատկերացումները, ու շատ կարևոր է դրանք միմյանց փոխանցելը, որպեզի ընդհանուր տեսլական ունենանք: Այս փուլում մենք պետք է երկխոսենք, սկսենք գաղափարներ փոխանակել, հաշվի առնել ինչպես Հայաստանի, Արցախի, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերի տեսակետը: Դա կլինի տեսլական հատուկ Հայաստանի համար, որը կարող է տարբերվել մյուս երկրների տեսլականից, քանի որ մեր ժողովուրդը սփռված է աշխարհով մեկ, և մենք յուրօրինակ ցանց ունենք, որը հսկայական արժեք ու առավելություն է ժամանակակից աշխարհում: Այնպես որ, պետք է կարողանանք մեր առավելությունն օգտագործել հաջողության հասնելու մեր մոդելում, մեր ռազմավարության մեջ»: Նախագահի խոսքով՝ մեր ունեցածը պարզապես ցանց չէ, մեզ միավորում են մեր ինքնությունը, պատմությունը, ընտանիքը, մշակույթը և առաքելությունը:
Առաջ շարժվելու համար նախագահ Սարգսյանը կարևոր է համարել մի շարք ոլորտներում (այդ թվում՝ զբոսաշրջություն, գյուղատնտեսություն, բարձր տեխնոլոգիաներ) հաջողություն գրանցելը. «Մենք պետք է փորձենք լավագույն արդյունքն ունենալ, պետք է փորձենք լինել լավագույնը»:
Դիմելով սփյուռքահայ երիտասարդներին՝ նախագահն ասել է. «Հայաստանում պետք է ամեն ինչ անենք, որ դուք ձեզ զգաք ձեր տանը, ուր դուք կարող եք վերադառնալ ամեն պահի, աշխատել, ունենալ ձեր ներդրումը: Եվ դրա համար խոչընդոտներ չպետք է լինեն: Հայաստանը դիտեք որպես ձեր տունը, ձեր երկիրը: Բայց դուք պետք է լինեք նաև ա՛յն երկրի լավագույն քաղաքացիները, որտեղ ապրում եք: Այնպես որ, մաղթում եմ, որ ոչ միայն ձեզ զգաք ձեր տանը, այլև՝ զգաք ձեզ մեր ազգի, մեր երկրի մի մասնիկը»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
1238 դիտում
16:05 15-07-2019
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀԲԸՄ ծրագրերով Հայաստան ժամանած երիտասարդներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2653 դիտում
18:53 20-07-2018
Դավիթ Տոնոյանը հանդիպել է «Դեպի Հայք» ծրագրով Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդներին
Այս բաժնից
835 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
865 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»