211652_close_icon
views-count1738 դիտում article-date 23:28 18-10-2019

ՍԴ-ն քննել է ՔրԴՕ-ի գրավին վերաբերող հոդվածի 1-ին և 6-րդ մասերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը

ՀՀ Սահմանադրական դատարանը դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննել է «Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը: Օրենսգրքի՝ «Գրավը» վերտառությամբ 143-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերը սահմանում են. «1. Գրավը ոչ մեծ և միջին ծանրության հանցագործության համար մեղադրվողին կալանքից ազատելու համար դրամի, արժեթղթերի, այլ արժեքների ձևով դատարանի դեպոզիտ մեկ կամ մի քանի անձանց կատարած ներդրումն է` քրեական վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելն ապահովելու նպատակով: Դատարանի թույլտվությամբ որպես գրավ կարող է ընդունվել անշարժ գույքը: 6. Եթե մեղադրյալը թաքնվել է քրեական վարույթն իրականացնող մարմնից կամ առանց թույլտվության մեկնել է այլ տեղանք, դատախազը դիմում է դատարան` գրավը պետության եկամուտ դարձնելու միջնորդությամբ: Գրավը պետության եկամուտ դարձնելու մասին դատարանի որոշումը գրավատուն կարող է բողոքարկել վերադաս դատարան:…»: Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի 2019 թվականի ապրիլի 16-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է: Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 4-րդ մասով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 71-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը որոշել է. 1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասը՝ այնքանով, որքանով որ գրավի կիրառումը թույլատրելի է համարում միայն քրեական վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելն ապահովելու նպատակով՝ բացառելով նույն Օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված մյուս դեպքերը, ճանաչել Սահմանադրության 27 և 78-րդ հոդվածներին հակասող և անվավեր: 2. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 6-րդ մասը՝ այնքանով, որքանով որ գրավը պետության եկամուտ դարձնելը հնարավոր է համարում միայն քրեական վարույթն իրականացնող մարմնից մեղադրյալի թաքնվելու կամ առանց թույլտվության այլ տեղանք մեկնելու համար, ճանաչել Սահմանադրության 27 և 78-րդ հոդվածներին հակասող և անվավեր: 3. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասի հետ համակարգային առումով փոխկապակցված՝ նույն Օրենսգրքի 134-րդ հոդվածի 4-րդ մասը, 137-րդ հոդվածի 4-րդ մասը և 139-րդ հոդվածի 2-րդ մասը՝ այնքանով, որքանով որ գրավը սահմանում են որպես կալանավորման այլընտրանք՝ կալանավորումից կախյալ խափանման միջոց, ճանաչել Սահմանադրության 27 և 78-րդ հոդվածներին հակասող: 4. Հիմք ընդունելով Սահմանադրության 170-րդ հոդվածի 3-րդ մասը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 9-րդ մասի 4-րդ կետը և 19-րդ մասը, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն որոշման հրապարակման պահին Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 4-րդ մասը, 137-րդ հոդվածի 4-րդ մասը և 139-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելն անխուսափելիորեն կառաջացնի այնպիսի ծանր հետևանքներ պետության կամ հանրության համար, որոնք կխաթարեն այդ պահին վիճարկվող դրույթների վերացմամբ հաստատվելիք իրավական անվտանգությունը, այն է՝ կառաջանա իրավակարգավորման այնպիսի բաց, որը խոչընդոտ կդառնա խափանման այլ միջոցները՝ որպես կալանավորման այլընտրանք, ինչպես նաև գրավը՝ որպես ինքնուրույն խափանման միջոց կիրառելու համար, սույն որոշմամբ Սահմանադրությանը հակասող ճանաչված վերոնշյալ դրույթների ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանել 2020 թվականի ապրիլի 15-ը՝ հնարավորություն տալով Ազգային ժողովին Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի վերաբերելի իրավակարգավորումները համապատասխանեցնելու սույն որոշման պահանջներին: 5. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Առավել մանրամասն՝ [url=http://www.concourt.am/armenian/decisions/common/2019/pdf/sdv-1480.pdf?fbclid=IwAR3_wNZm_Y7FSc007oM4tGKzEgt7Nw40RhZBrmH-bkatBGIc-D33aRif-xU]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր