211652_close_icon
views-count2693 դիտում article-date 21:52 24-10-2019

Գեղարքունիքի մարզպետը շարունակում է սուբվենցիոն ծրագրերի դիտարկումը մարզի համայնքներում

ՀՀ կառավարության կողմից հաստատված սուբվենցիոն ծրագրերի դիտարկման նպատակով Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այց կատարեց Գեղարքունիք, Լանջաղբյուր, Սարուխան եւ Գանձակ համայնքներ: Մարզպետի այցի առաջին կանգառը Գեղարքունիք գյուղի մանկապարտեզում էր, որի շենքը հիմնանորոգվել է սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տվյալներով՝ մանկապարտեզի շինարարության պայմանագրային արժեքը կազմել է շուրջ 13 միլիոն դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Գեղարքունիքի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները սկսվել են հուլիսից եւ ավարտվել հոկտեմբերին: «Գեղարքունիքի մանկապարտեզի օրինակը յուրահատուկ է նրանով, որ շենքային պայմանների խնդիրը լուծվել է ոչ թե հիմքից կառուցելու, այլ գործող շինություններից մեկի տարածքը հիմնանորոգելու հաշվին: Գեղարքունիք գյուղի մշակույթի տան անօգտագործելի տարածքն այսուհետ ծառայելու է համայնքի մանկապարտեզի կարիքներին: Այս օրինակը կարող է նախադեպ դառնալ նաեւ այլ համայնքներում: Գեղարքունիքում մանկապարտեզը կգործի 2020 թվականի ընթացքում»,-նշեց մարզպետը: Գնել Սանոսյանը Գեղարքունիքում դիտարկեց նաեւ Վազգեն Սարգսյան փողոցում իրականացված ասֆալտապատման աշխատանքները: Սուբվենցիոն ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է շուրջ 21 միլիոն դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Գեղարքունիքի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա հոկտեմբերի սկզբներին եւ ավարտվել օրեր առաջ: Ասֆալտապատվել է 1933 քառակուսի մետր մակերես ընդգրկող ճանապարհ՝ 413 գծամետր երկարությամբ: Լանջաղբյուր համայնքում Գնել Սանոսյանը դիտարկեց սուբվենցիոն ծրագրի շրջանակներում արդեն կառուցված ու ավարտի հասցված ոռոգման ջրատարի ներքին ցանցը: Շինարարության պայմանագրային արժեքը կազմում է 16 միլիոն 468 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Լանջաղբյուրի համայնքապետարանը: Կառուցվել կամ կապիտալ նորոգման է ենթարկվել 9 տարբեր փողոցների ջրատար առուները՝ երկաթյա խողովակներով կամ կիսախողովակներով, 1 կիլոմետր ընդհանուր երկարությամբ: Սարուխան համայնքում Գնել Սանոսյանն այցելեց երեք տարբեր շինհրապարակներ՝ դիտարկելու սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքը: Սուբվենցիոն առաջին ծրագրով, որի պայմանագրային արժեքը կազմում է 16 միլիոն 710 հազար դրամ, լուսավորվածության ցանց է կառուցվում համայնքի 11 փողոցներում՝ 8 կիլոմետր երկարությամբ: 65 տոկոս հատկացրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ համայնքապետարանը: Սուբվենցիոն երկրորդ ծրագրով ասֆալտապատվելու է Գրիշա Դարբինյան փողոցը՝ 970 գծամետր երկարությամբ եւ 5820 քառակուսի մետր մակերեսով: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 77 միլիոն 160 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Սարուխանի համայնքապետարանը: Ասֆալտապատման աշխատանքները կմեկնարկեն առաջիկա օրերի ընթացքում: Սուբվենցիոն երրորդ ծրագրով խմելու ջրատարի ներքին ցանց է կառուցվում համայնքի 4 փողոցներում ՝ 1800 մետր երկարությամբ: Շինարարության պայմանագրային արժեքը կազմում է 16 միլիոն 14 հազար դրամ, որի 65 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Սարուխանի համայնքապետարանը: Մարզպետը համայնքի ղեկավարի եւ համայնքապետարանի աշխատակիցների հետ քննարկեց սուբվենցիոն չորրորդ ծրագրի՝ թիվ 1 մանկապարտեզի շենքի շինարարական աշխատանքների իրականացման ժամկետների հետ կապված որոշակի հարցեր: Ըստ համայնքի ղեկավար Լյովա Աբրահամյանի՝ Սարուխանում այս տարի սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 109 միլիոն 884 հազար դրամ: Գանձակ համայնքում նույնպես Գնել Սանոսյանը եղավ տարբեր շինհրապարակներում: Ինչպես տեղեկացրեց Գանձակ համայնքի ղեկավար Արմեն Պողոսյանը, համայնքում արդեն ավարտվում են սուբվենցիոն ծրագրերը, որոնց շրջանակներում հիմնանորոգվել են Խաչատուր Աբովյան եւ Սիլվա Կապուտիկյան փողոցները, ոռոգման համակարգը սնող մայր առուն, ընդլայնվում է գիշերային լուսավորության ցանցը: Ճանապարհաշինական ամենախոշոր ծրագիրը՝ Բաղրամյան փողոցի հիմնանորոգումը, իրականացվում է պետբյուջեի միջոցներով, 328 միլիոն դրամ նախահաշվային արժեքով, ինչի արդյունքում հիմնանորոգվելու է 2 կիլոմետր երկարության ճանապարհ: Շինարարության մի մասը կիրականացվի այս տարի, մյուս մասը ավարտի կհասցվի եկող տարվա ընթացքում: «Պետական միջոցներով ու համայնքապետարանի համաֆինանսավորմամբ այս տարի Գանձակում իրականացվում է մինչեւ 1 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի շինարարություն, որից շուրջ 318 միլիոն դրամը հատկացվել է պետբյուջեի միջոցներից, Բաղրամյան փողոցի ասֆալտապատման համար: 34 միլիոն դրամ հատկացվել է Կապուտիկյան եւ Աբովյան փողոցների հիմնանորոգման, 17 միլիոն դրամ՝ գիշերային լուսավորության ցանցի եւ 16 միլիոն դրամ՝ մայր առվի հիմնանորոգման համար: Կապուտիկյան եւ Աբովյան փողոցների հիմնանորոգման համար ՀՀ կառավարությունը ներդրել է ծրագրի ընդհանուր արժեքի 60, Գանձակի համայնքապետարանը ՝ 15 տոկոս: Մնացած 25 տոկոսը ներդրել են արտերկրում բնակվող գանձակցի գործարարները: Մայր առվի հիմնանորոգման համար ՀՀ կառավարությունը ներդրել է ծրագրի արժեքի 70, Գանձակի համայնքապետարանը՝ 30 տոկոսը: Գիշերային լուսավորության ցանցի ընդլայնման համար ՀՀ կառավարությունը ներդրել է ծրագրի ընդհանուր արժեքի 65, Գանձակի գյուղապետարանը՝ 35 տոկոսը: Բացի այդ, տեղական բյուջեի միջոցների հաշվին այս տարվա ընթացքում կապիտալ հիմնանորոգում ենք իրականացրել մանկապարտեզի երկրորդ մասնաշենքում եւ կառուցել երկու թաղամասերն իրար կապող մեկ կամուրջ»,- ներկայացրեց համայնքի ղեկավարը: Այցի արդյունքներն ամփոփեց Գնել Սանոսյանը: «Ընդհանուր առմամբ գոհ եմ թե՛ ծրագրերի ընթացքից, թե՛ շինարարության որակից: Մարդկանց մոտ անասելի ոգեւորություն կա շինարարության նման ծավալներից: Դիտարկելու ենք իրականացվման փուլում գտնվող կամ ավարտի հասցված բոլոր ծրագրերը, որպեսզի ոչ մի աշխատանք չհանձնվի թերություններով: Այս պահից արդեն նախատատրաստում ենք եկող տարվա սուբվենցիոն ծրագրերի նախագծերը, համայնքների հիմնախնդիրները եւ առաջնահերթ անելիքները քննարկում տեղական ինքնակառավարման մարմինների եւ բնակիչների հետ՝ լսելով նրանց առաջարկությունները»,-ասաց մարզպետը:

Նմանատիպ նյութեր