211652_close_icon
views-count1220 դիտում article-date 16:02 28-10-2019

ՊԵԿ նախաձեռնությամբ Երևանում մեկնարկել է միջազգային աշխատաժողով քննարկվել են իրական սեփականատերերի և հարցման հիման վրա տեղեկատվության փոխանակման մեխանիզմները

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, Ասիական զարգացման բանկի համատեղ նախաձեռնությամբ հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը Երևանում մեկնարկել է «Փաստացի սեփականատեր և հարցման հիման վրա տեղեկատվության փոխանակում» խորագրով միջազգային աշխատաժողով: Ողջունելով մասնակիցներին՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ընդգծել է, որ Պետական եկամուտների կոմիտեն նպատակադրված է ուրույն դեր ունենալ ՏՀԶԿ՝ հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման Գլոբալ ֆորումի ընտանիքում և հասնել լավագույն համագործակցության: «Վերջին տարիներին զանգվածային լրատվության միջոցներով ի հայտ եկած տեղեկությունները մեկ անգամ ևս փաստեցին, որ հարկման նպատակով թափանցիկության ապահովումը պետությունների առանցքային խնդիրներից է: Ավելին, այդ տեղեկությունները ցույց տվեցին, որ հարկեր չվճարելն առանձին ֆինանսական հանցագործության տեսակ չէ, այլ սերտորեն կապված է, օրինակ, փողերի լվացման և կոռուպցիայի հետ, որոնք խիստ բացասական ազդեցություն ունեն հասարակության վրա: Շատ կազմակերպություններ թաքցնում են իրենց փաստացի սեփականատերերի մասին տեղեկությունները, հետևաբար տեղեկությունների թափանցիկությունը կարող է կենսական նշանակություն ունենալ կոռուպցիայի դեմ պայքարի, հարկերից խուսափելու դեպքերի և նմանատիպ այլ երևույթների բացահայտման համար»,-նշել է կոմիտեի նախագահը: Դավիթ Անանյանը վերահաստատել է, որ Պետական եկամուտների կոմիտեն պատրաստակամ է հարկերի չվճարման և փողերի լվացման դեմ պայքարի միջազգային ստանդարտների ներդրման հարցում: Հնգօրյա աշխատաժողովի օրակարգում իրական սեփականատերերի մասին քննարկումներն են: Մասնավորապես՝ դիտարկումներ կներկայացվեն «իրական սեփականատեր» եզրույթի մեկնաբանության, հարկային մարմինների կողմից իրական սեփականատերերին հայտնաբերելու հնարավոր լծակների և տեղեկությունների փոխանակման արդյունավետ համակարգի վերաբերյալ: Աշխատաժողովի մասնակիցները փաստել են, որ իրական սեփականատերերի մասին տեղեկությունների հասանելիության ապահովումն հարկման նպատակով թափանցիկության միջազգային չափորոշիչի կարևորագույն մասն է և առանցքային նշանակություն տեղեկությունների փոխանակման ժամանակ: Այս ուղղությամբ միջազգային չափորոշիչների կիրառումը կխոչընդոտի կազմակերպությունների հարկեր չվճարելուն և հանցավոր գործունեությանը: Աշխատաժողովում կարևորվել է փաստացի սեփականատերերի վերաբերյալ երկրների միջև տեղեկությունների փոխանակման անհրաժեշտությունը: Գլոբալ Ֆորումի անդամ երկրների միջև գործակցությունը թափանցիկ հարկման միջավայր կապահովի փոխհամագործակցության և ներդրումների համար: Հայաստանը Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության՝ հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման Գլոբալ ֆորումի անդամ է 2015 թվականից:

Նմանատիպ նյութեր