211652_close_icon
views-count1049 դիտում article-date 14:10 29-10-2019

Հայաստանի նպատակը ԵԱՏՄ-ն և ՀԱՊԿ-ն առավել արդյունավետ դարձնելն է. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթին

Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի թիվ մեկ նպատակը կազմակերպությունն ավելի արդյունավետ դարձնելն է: Այս մասին «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ես ուրախ եմ, որ ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահությունը ստացվեց շատ արդյունավետ: Անձամբ ես և մեր կառավարությունը կարողացանք կոնկրետ ներդրում ունենալ, որպեսզի ԵԱՏՄ-ն ավելի շատ գործընկերներ ունենա ամբողջ աշխարհում: Եվ մենք շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ»,- ասել է Փաշինյանը: Նա հավելել է, որ նույնը վերաբերում է ՀԱՊԿ-ին: «Ո՞րն է այստեղ նպատակը: Ամեն ինչ անել, որպեսզի կարողանանք դարձնել ՀԱՊԿ-ը՝ որպես կազմակերպություն, որպես անվտանգության համակարգ, որը շատ կարևոր է Հայաստանի, Ռուսաստանի և անդամ այլ երկրների համար, առավել արդյունավետ: Կարծում եմ, Ռուսաստանը նույն նպատակն ունի: ՀԱՊԿ-ի հարցում մենք Ռուսաստանի հետ ընդհանուր նպատակ ունենք: Եվ մենք միասին աշխատում ենք այդ ուղղությամբ: Սա հեշտ գործ չէ, բայց ես շատ ուրախ եմ, որ այս քննարկումների արդյունքում ՀԱՊԿ-ն իսկապես ավելի արդյունավետ կդառնա և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի, և՛ մյուսների համար»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը շատ լավ գործընթաց է համարում ԵԱՏՄ-ին Ուզբեկստանի անդամակցության հարցի քննարկումները: Սա շատ լավ գործընթաց է: Մենք շատ հետաքրքրված ենք: Այժմ Հայաստանի և Ուզբեկստանի միջև հարաբերությունները շատ դինամիկ զարգանում են: Հետաքրքիր փաստ. անցած 30 տարիների ընթացքում Հայաստանի և Ուզբեկստանի առաջնորդների, ղեկավարների միջև պաշտոնական հանդիպում տեղի չի ունեցել: Առաջին հանդիպումը տեղի ունեցավ հոկտեմբերին՝ Աշխաբադում, որտեղ մենք հանդիպեցինք Ուզբեկստանի նախագահի հետ և պայմանավորվեցինք փոխադարձ պաշտոնական այցերի շուրջ: Եվ, իհարկե, մենք, որպես ԵԱՏՄ-ում նախագահող երկիր, շահագրգռված ենք խորացնել համագործակցությունն Ուզբեկստանի հետ: Եթե Տաշքենդը որոշի ԵԱՏՄ անդամ դառնալ, շատ լավ կլինի:

Նմանատիպ նյութեր